Խաղողագործների միության հետ քննարկվել են ոլորտի հիմնահարցերը. նախարարը համագործակցության կոչ է արել


Խաղողագործների միության հետ քննարկվել են ոլորտի հիմնահարցերը. նախարարը համագործակցության կոչ է արել

  • 11-09-2017 18:53:28   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր  ընդունել է Հայաստանի  խաղողագործների միության  նախագահ Արտակ Սարգսյանին  և միության մարզային պատասխանատուներին` խաղողագործության զարգացման հիմնահարցերը քննարկելու նպատակով:
 
          Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմանդրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում  կարևորել է նախարարության և խաղողագործների սերտ համագործակցության  ու համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը` ոլորտում առկա հիմնահարցերի առավել արդյունավետ լուծման տարբերակներ գտնելու հարցում:
 
«Խաղողագործությունը մեզ համար շարունակում է մնալ կարևորագույն ճյուղերից: Մենք քայլեր ենք իրականացնում, որպեսզի դաշտը կարգավորվի և խաղողագործն իր աշխատանքից գոհ մնա: Սակայն այս գործում մեզ անհրաժեշտ են գործընկերներ` մարդիկ, ովքեր մարզերում մեր խոսքը տեղ կհասցնեն խաղողագործներին, ինչպես նաև նրանց առաջարկներն ու մտահոգությունները  կներկայացնեն մեզ»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամը նախատեսում է ստեղծել խաղողագործների ռեեստր և այս աշխատանքներում ակնկալում են  միության անդամների աջակցությունը: Հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետք է  պայմանագրեր ունենան ռեեստրում գրանցված խաղողագործների հետ և տեղեկատվություն տրամադրեն, թե ումից ինչ քանակությամբ խաղող են մթերել:  Նախարարի խոսքով` ռեեստրի ստեղծումը դաշտում  էական փոփոխությունների կհանգեցնի: 
 
Հանդիպմանը ներկա խաղողագործները նշել են, որ հետաքրքրված են կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար մատչելի վարկերի տրամադրման նախարարության  նախաձեռնությամբ:  
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում խաղողի մթերման կազմակերպմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն