Տավուշի մարզում բացվեց ամենամեծ և «ամենահայկական» արևային էլեկտրակայանը
23-12-2017 14:19:13 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում բացվեց ամենամեծ և «ամենահայկական» արևային էլեկտրակայանը:
147 կՎտ դրվածքային հզորություն ունեցող արևային կայանը կառուցվել է Հայաստանում առաջին և միակ արևային վահանակներ արտադրող «Սոլարոն» ընկերության կողմից և տեղակայված է «Ապագա Ռեզորթ» ակտիվ հանգստի գոտու տարածքում:
Այն կարող է արտադրել տարեկան մինչև 208.000 կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Արդյունքում կխնայվի ամսական միջինը 745 հազար դրամ և 7.2 տոննայով կնվազեն մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, նշյալ արևային կայանի բացմամբ՝ «Ապագա Ռեզորթ»-ը դարձավ Հայաստանի էներգետիկ կապիտալի կարևորագույն մաս:
«Այսօր, ինչպես գիտեք, էներգետիկի միջազգային օրն է, և չնայած այդքան էլ լուսավոր օր չէ, բայց նույնիսկ այս պայմաններում արևային կայանն արդեն իսկ արտադրում է էլեկտրաէներգիա: Մոտ տասն օր է այն միացել է ցանցին, բայց արդեն հասցրել է արտադրել շուրջ 5200 կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ խնայելով մոտավորապես 240 հազար դրամ այս հանգստի գոտու համար»,- նկատեց փոխնախարարը՝ հավելելով, որ արձանագրված արդյունքները, դեկտեմբեր ամսվա համար այն էլ հայկական արտադրության արևային վահանակներով, բավականին զարմանալի են:
Հ. Հարությունյանի խոսքերով՝ Հայաստանում արդեն գործում են մոտ երեք տասնյակ ընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և որոնց օգնությանը դիմելուց հետո կարելի է հաշված օրերի ընթացքում արևային կայաններ կառուցել:
«Բացի այդ, պետությունը ստեղծել է շատ նպաստավոր օրենսդրական դաշտ, որը տարբեր փորձագիտական գնահատականներով՝ միջազգային ասպարեզում համարվում է լավագույններից մեկը: Այս ամենի արդյունքում ընդամենը ցանկություն է պետք արևային կայան կառուցելու համար»,- ընդգծեց նա:
«Ապագա Տուր» ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արտակ Չիբուխչյանի տեղեկացմամբ՝ կայանի կառուցումը տևել է երեք շաբաթ, ծախսվել է 65 մլն դրամ, իսկ ֆինանսավորումն իրականացրել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ը KfW վերականգնվող էներգիայի ֆոնդի միջոցով:
Իր հերթին «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի փոխանցմամբ՝ Տավուշի մարզում գործարկված ամենամեծ արևային կայանը Green Leasing պլատֆորմի շրջանակներում իրականացված 300-րդ նախագիծն է:
«Խոսքս վերաբերում է և փոքր, և միջին, և մեծ արևային կայանների թե շինարարությանը, թե գործարկմանը, թե սարքավորումների ձեռք բերման ֆինանսավորմանը: Այս ընկերության հետ համագործակցությունը սկսվել է տարիներ առաջ, երբ նրանց լիզինգով մի շատ հետաքրքիր մեքենա տրամադրեցինք, և այսօր հերթական համագործակցության արդյունքն այս արևային կայանն է, որը միանշանակորեն դատապարտված է հաջողության»,- փաստեց Ա. Բազիկյանը՝ հավելելով, որ կայանի նախագծման փուլում վահանակները տեղադրվել են առանց բետոնավորման աշխատանքներ իրականցնելու՝ բնությանը չվնասելու համար: