Փետրվարի 6-ին մեկնարկել է «Ապահով համացանց 2018» ծրագիրը
06-02-2018 19:39:00 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն:
Ծրագրի այս տարվա կարգախոսն է՝ «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ համացանցն սկսվում է քեզանից»:
Ծրագիրն իրականացնում են «ՍՏԵՄ կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունները, UCOM և այլ ընկերությունների աջակցությամբ: Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցում փետրվարի 6-ին հավաքված շուրջ 200 դասավանդողներ, ծնողներ և համայնքի ներկայացուցիչներ մասնակցեցին բաց դաս միջոցառմանմը, որը կազմակերպեց ինֆորմատիկայի դասավանդող Գայանե Կոստանդյանը:
«Ucom-ը որպես Հայաստանում ամենաարագ ինտերնետ կապն ապահովող ընկերություն այս տարի ևս շեշտում է համացանցը ինքնակրթության և ինքնազարգացման նպատակով օգտագործելու կարևորությունը։ Համացանցում սերտած դասերը կարող են լավ հիմք հանդիսանալ ապագայում խիստ անհրաժեշտ և լայն կիրառություն ունեցող նորարարական լուծումների ստեղծման համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Փետրվարի 6-ից` մարտի 10-ը Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցների սովորողների և քոլեջների ուսանողների մասնակցությամբ կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, փետրվարի 6-ից` մայիսի 1-ը «Ապահով համացանց» թեմայով ծնողական ժողովներ, Երևանի և մարզային մոտ 100 դպրոցներ կներգրավվեն համաեվրոպական eSafety Label ծրագրի մեջ:
Ծրագրով նախատեսված երկու հանրապետական մրցույթները թույլ կտան ծնողների ու երեխաների շրջանում լայնորեն տարածել համացանցում ապահովության առանցքային դրույթները և յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն կընձեռեն ցուցադրելու թեմային առնչվող բոլոր կրթական նախաձեռնությունները:
Համացանցի ապահով և պատասխանատու օգտագործման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը կնպաստեն նաև սեմինարները, դպրոցահասակների, նրանց ծնողների և ուսուցիչների համար նախատեսված առաջադրանքները, տեսանյութերը, խաղերը, գրքերը, մեդիա իրադարձությունները և այլ գործնական քայլերը: «Ապահով համացանց» ծրագիրն այս տարի ավելի կընդլայնվի բնագիտա-մաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:
Ինչպես նշեց ՍՏԵՄ կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, շատ կարևոր է, որպեսզի երեխաները հնարավորինս վաղ տարիքից ձևավորեն ճիշտ համացանցային կարողություններ, օրինակ՝ գնահատեն անձնական բնույթի տեղեկությունները, սովորեն ինքնուրույն կիրառել անվտանգության և մասնավոր կայնքի գաղտնիության կարգավորումները իրենց նախընտրած խաղերի, apps կամ գործիքների վրա: «Շատ երեխաներ համացանցն օգտագործում վեց տարեկանից: Տասներկու տարեկանից փոքր երեխաները հիմնականում քննադատական հմտություններ չունեն համացանցում նավարկելու, խաղալու և սովորելու համար, հետևաբար, մինչ այս տարիքը ծնողները պետք է մշտապես մասնակցեն նրանց համացանցային գործունեությանը: Իսկ ավելի բարձր տարիքում ցանկալի կլիներ նրանց ուղղորդել դեպի միջառարկայական խնդիրների լուծման և ստեղծագործական հմտությունների զարգացման համակարգչային ծրագրեր»: