«Այբ» դպրոցում բացվեց Ucom Digital Lab-ը, որտեղ աշակերտները կհմտանան արհեստական բանականության ոլորտում
12-04-2018 16:00:58 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Արհեստական բանականության ոլորտում հմտանալու, ծրագրավորում սովորելու, համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ համադրելու բացառիկ հնարավարություն այսուհետ ունեն «Այբ» դպրոցում սովորող 3-ից 12-րդ դասարանի աշակերտները:
Ucom ընկերության աջակցությամբ ապրիլի 12-ին նշյալ դպրոցում տեղի ունեցավ Ucom Digital Lab իր տեսակով եզակի համակարգչային սենյակ-լաբորատորիայի բացումը: Կողմերի միջև այսօրվանից սկսված համագործակցությունն ամրապնդվեց հուշագրի ստորագրմամբ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, ժամանակակից ցանկացած ընկերություն պետք է մտածի ոչ միայն իր օրվա անելիքի մասին, այլև՝ ապագայի մասին, իսկ Ucom-ն այդպիսի ընկերության վառ օրինակ է Հայաստանում:
«Սոցիալական պատասխանատվությունը ժամանակակից ընկերության աշխատանքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Ucom-ը տարիներ ի վեր աջակցել է կրթությանը, և այսօր մենք տեսնում են դրա ևս մեկ վկայությունը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նոր լաբորատորիան հնարավորություն կտա ամենաձգտող, ամենաոգևորված երեխաներին ու պատանիներին զարգացնել իրենց տաղանդը և համապատասխան գիտելիքներ ձեռք բերել մինչև ԲՈՒՀ ընդունվելը:
Իր հերթին Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը շեշտեց, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրենք մշտապես աջակցելու են կրթության ոլորտին և դպրոցներին:
«Երեխաները և երիտասարդությունը մեր երկրի ամենակարևոր ներուժն են. Թվային այս լաբորատորիայում վստահ եմ՝ երեխաները կբացահայտեն իրենց տաղանդը և ներուժը»,- նշեց նա՝ հավելելով, որ Ucom-ը բաց է «Այբ»-ի աշակերտների համար, որոնց պատրաստ է ներսից ցույց տալ ընկերության հնարավորությունները՝ նրանց մեջ արթնացնելով ինժեներական մտածողությունը:
Նշենք, որ «Այբ» դպրոցում Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիայի բացմամբ կողմերը համաձայնել են ջանքեր գործադրել գործակցության եզրերն ընդլայնելու, որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու, ավելի մեծ թվով լսարան ընդգրկելու և ավելի մեծ ազդեցություն ապահովելու ուղղությամբ: