Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները


Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

  • 23-07-2018 11:15:54   | Հայաստան  |  Տնտեսություն

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և դեսպանատան աշխատակիցներ։
 
   Կողմերը շեշտել են երկու երկրների միջև առկա համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատկապես բնապահպանության ոլորտում։
 
Նախարար Էրիկ Գրիգորյանը հատկանշել է անտառների կառավարման և օդի առցանց մոնիթորինգի իրականացման բնագավառում Չինաստանի ունեցած հաջողված փորձի ներդրման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ նախարարը հայտնել է, որ Հայաստանը հետաքրքրված է դեգրադացված հողերում անտառներ հիմնելու Չինաստանի փորձով և Բնապահպանության նախարարությունն արդեն դիմել է վերջինիս՝ Հանրապետության համապատասխան տարածքներում անտառտնկման փորձնական ծրագիր իրականացնելու առաջարկով։
 
   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բնապահպանության ոլորտի աշխատակիցների մասնագիտական կարողությունների մեծացման նպատակով  վերապատրաստման կոնկրետ  ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։
Նոյյան տապան  -   Տնտեսություն