Արատես գյուղը երկրորդ անգամ ազատագրվեց, այս անգամ ներքին թշնամուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26-07-2018 18:52:40 | Հայաստան | Հասարակություն
Արատես գյուղը երկրորդ անգամ ազատագրվեց, այս անգամ ներքին թշնամուց:
Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շատին համայնքի բնակիչ Նաիրի Դանիելյանը, ով նախկինում ապրել է Վայոց Ձորի Եղեգիս խոշորացված համայնքի մեջ ընդգրկված Արատեսում:
Ըստ նրա՝ նշյալ գյուղում հիմնականում ապրել են ադրբեջանցիներ, ովքեր զբաղվել են անասնապահությամբ, բայց այսօր իրենք ցանկանում են նոր շունչ տալ գյուղին՝ այն վերաբնակեցնելով:
Ն. Դանիելյանի փոխանցմամբ՝ գյուղի միակ վերակառուցված տունը պատկանում է ՊԲ նախկին գեներալ Հովիկ Օհանյանին, ով 2017 թվականի ՏԻՄ ընտրություններին ունեցել է լուրջ մասնակցություն՝ նպատակ ունենալով անել ամեն ինչ գյուղը ձեռքից բաց չթողնելու համար:
«Տեսեք, ինքը կառուցել է հիդրոէլեկտրակայան, եթե գյուղը վերաբնակեցվեր, հետևաբար պետք է բնակիչներն անցնեին կյանքի բնականոն հունին, հողամաս մշակեին, ոռոգեին, իսկ այդ ոռոգման ջուրն ինքը ուղղել է իր ՀԷԿ»,- ընդգծեց Ն. Դանիելյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ոչ միայն Արատես համայնքի ջուրն է ուղղվել Հ. Օհանյանի ՀԷԿ, այլև մյուս չորս համայնքների առվակներից ու գետերից եկող ջուրը:
Լրագրողի այն հարցին, այդ դեպքում ինչու են լռել այսքան տարի՝ Շատինի բնակիչը նշեց, որ իրենք նախկինում վախեցել են գնալ նման գործողությունների:
Հիշեցնենք, որ օրերս Եղեգիս խոշորացված համայնքի բնակիչները գնացել և կրկին դեպի համայնքներ էին շրջել սարերից հոսող առվակների հունը:
Ն. Դանիելյանը նաև տեղեկացրեց, որ Շատինում նոր ընտանիք կազմող երիտասարդները պատրաստվում են գնալ և վերաբնակություն հաստատել Արատեսի լքված տներում:
«Եթե այդ տներն ունեն սեփականատերեր, թող բերեն վկայականները և ապացուցեն, թե երբ են գնել տունը, եղել են արդյոք հանրային լսումներ և այլն»,- ընդգծեց բանախոսը:
Իր հերթին ֆերմեր, «Գերաստղ» ծրագրի ղեկավար Տիգրան Եղոյանը նշեց, որ հոգնել է ՀԷԿ-երի հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնելուց:
Նրա խոսքերով՝ արդեն երեք տարի կլինի, ինչ ՀԷԿ-երի խնդրով պարբերաբար դիմել է Բնապահպանության թե ներկա, թե նախկին նախարարներին, սակայն անարդյունք: