«Մաքուր Հայաստան» ծրագիրը չի դադարեցվել, սակայն շաբաթօրյակների առումով դեռևս հստակեցում չկա
27-07-2018 17:27:07 | Հայաստան | Հասարակություն
Նախորդ կառավարության մեկնարկած «Մաքուր Հայաստան» ծրագիրը չի դադարեցվել, սակայն շաբաթօրյակների առումով դեռևս հստակեցում չկա:
Այս մասին «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը:
Ըստ նրա՝ պարբերաբար հանդիպումներ են ունենում մարզպետների և փոխմարզպետների հետ, տրվում են հստակ հանձնարարականներ:
«Հաշվի առնելով զբոսաշրջության ակտիվ սեզոնը՝ պարբերաբար ուղիղ կապով մարզպետները մեզ ներկայացնում են պատմամշակութային հուշարձանների տարածքներում, հանգստի գոտիներում տարվող աշխատանքները: Ինչ վերաբերում է շաբաթօրյակներին, ներկայումս քննարկվում է հետագա գործողությունների ծրագիրը, հստակ չեմ կարող ասել, դա կլինի շաբաթօրյակների, թե այլ ֆորմատով»,- նշեց Ն. Ավետյանը:
Վերջինիս չժխտեց, որ շաբաթօրյակների արդյունքում որոշ չափով մայրաքաղաքի տարբեր փողոցներ մաքրվում էին քամիների տարածած աղբից, սակայն ըստ Ն. Ավետյանի՝ դա ժամանակավոր լուծում է:
Նրա փոխանցմամբ՝ այժմ իրենք աշխատում են խնդրի ինստիտուցիոնալ լուծման վրա, այդ թվում նաև շրջական միջավայրը մաքուր պահելու տեսանկյունից քաղաքացիների գիտակցության բարձրացման ուղղությամբ:
«Օրենսդրական բարեփոխումներ ենք իրականացրել, յուրաքանչյուր համայնքում նշանակել ենք տվել մեկ համայնքային ծառայող, ով պատասխանատու է աղբահանության համար»,- ընդգծեց Ն. Ավետյանը՝ վստահեցնելով, որ համապատասխան աշխատանքներ տարվում են և մոտակա ժամանակներում արդյունքները նկատելի կլինեն: