Գյուղնախարարի կարծիքով՝ ավելի նպատակահարմար է խորքային հորերի հարցը լուծելը, քան Սևանից լրացուցիչ ջրառ կատարելը
02-08-2018 15:31:15 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ ավելի նպատակահարմար ու արդյունավետ է խորքային հորերի հարցը լուծելը, քան Սևանից լրացուցիչ ջրառ կատարելը:
Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա տեղեկացրեց, որ Կառավարությունն այս պահի դրությամբ Սևանից լրացուցիչ ջուր բացթողնելու նախաձեռնությամբ հանդես չի եկել:
«Սևանից մի կաթիլ ավել ջուր բաց թողնելու համար պետք է լինի Ազգային ժողովի որոշում: Այսօրվա դրությամբ կառավարության կողմից նման նախաձեռնություն չի եղել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ իր անձնական կարծիքով՝ համակարգը խիստ բարեփոխումների կարիք ունի:
Նրա խոսքերով՝ այն պնդումները, թե 70 տոկոս ջուրը կորում է կամ չի չափվում, ընդունելի չեն:
Ա. Խաչատրյանի փոխանցմամբ՝ կան գյուղացիներ, ովքեր մի քանի անգամ են ջրբացթողումից օգտվում, մի մասն էլ ընդհանարապես ջուր չի ստանում, ինչը ոչ թե չարաշահման հետևանք է, այլ պայմանավորված է նրանով, որ այդ հողատարածքները ծայրամասային հատվածներում են, և ջուրը նրանց չի հասնում: