Կսահմանվեն փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը


Կսահմանվեն փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը

  • 23-08-2018 16:17:00   | Հայաստան  |  Հասարակություն

 
Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք  հրատապ լուծում են պահանջում: 
 
Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում  ճգնաժամային վիճակում:
 
Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը: Արդյունքում՝ կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: 
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ այս քննարկումները, մոտեցումները որևէ կերպ չեն կարող մեկնաբանվել որպես տնտեսական գործունեության դեմ ուղղված քայլեր:
 
«Լրջորեն պետք է այս հարցով զբաղվենք. խոսքը ՀՀ ռազմավարական ռեսուրսի մասին է: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև իրավապահները զբաղվեն այս խնդրով: Այս պրոցեսը որևէ կերպ չպետք է զուգակցվի սեփականության դեմ վերաբաշխումներով: Անհրաժեշտ է  կարգավորել փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունեությունը, մշակել բնապահպանական աղետալի իրավիճակի հաղթահարման կոնկրետ ճանապարհային քարտեզ, որպեսզի հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ժամկետներում ենք խնդիրները լուծելու: Խորհրդակցություններից մեկի ժամանակ ես անդրադարձա փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման անոմալիաներին: Այստեղ ոչ թե պետք է սպառնալիքների լեզուն աշխատի, այլ մշակույթ ձևավորվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք է հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերվեն ծայրահեղ պատասխանատու: Պետությունը յուրաքանչյուր օրինական տնտեսական գործունեության շարունակականությունը երաշխավորում է: Սա շատ կարևոր թեմա է և մտնում է կառավարության առաջնահերթությունների շարքի մեջ, որովհետև կարևոր ենք համարում էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը»,- ասել է վարչապետը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն