Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի»-ի աճուրդի գործով. «Մամուլի տեսություն»


Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի»-ի աճուրդի գործով. «Մամուլի տեսություն»

  • 27-03-2019 21:20:00   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի»-ի աճուրդի գործով. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործով, և իրավապահները փորձում են պարզել, թե ուր էր անհետացել գործարանի վաճառքի համար վճարված 4 մլրդ դրամ գումարը։
Հիշեցնենք՝ դեռևս 2009 թվականին, երբ քաղաքական նպատակներով պայմանավորված Սուքիասյաններից բիզնես խլելու խնդիր կար դրված, «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն աճուրդի հանվեց ԴԱՀԿ-ի կողմից և ողջ գործընթացը, ըստ ընկերության, ընթացել էր ընթացակարգային խախտումներով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այս պատմության բացահայտումից հետո աճուրդը ճանաչվեց անվավեր, և մինչև վճռի ուժի մեջ մտնելը գումարը կանխիկ «վերադարձվել» է գնորդին: Իսկ գնորդը, հիշեցնենք, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, որն, ի վերջո, գնեց գործարանը և մինչ օրս տնօրինում է»:
 
«Մեծ մաքրում». Արցախում զինվորականության պաշտոնանկությունների շրջանակն ընդլայնվում է. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկություն Է սպասվում։ Նրանց մեջ է հայտնի Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը, ում Մարտի 1-ի գործով հարցաքննության էին հրավիրել Երևան։ Նախարարի տեղակալներ Գարիկ Սաֆարյանը և Վարդան Բալայանը ևս հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։
Բայց սա «մեծ մաքրման» սկիզբն է լինելու, այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը և ուրիշներ։
Բայց փոփոխությունները կարվեն փուլ առ փուլ, որ բանակում «իշխանափոխության» ծրագիր իրականացնելու տպավորություն չթողնի։ Թեև արցախյան շրջանակներից մեզ ասացին, որ բանակում սերնդափոխությունն անխուսափելի էր»:
 
«Քիթները խոթում են». Դավիթ Տոնոյանի և «Իմ քայլ»-ականների միջև հարաբերությունները լարվել են. «Իրավունք»
 
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ լարված են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հարաբերությունները:
Վերջիններս փորձում են «քիթները խոթել» պաշտպանության կազմակերպմանը վերաբերող այս կամ այն հարցի մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով ոլորտից, ինչն ուղղակի սկսել է ազդել Դ. Տոնոյանի նյարդերի վրա: Եվ կրքերը դեռ չէին հանդարտվել, հիմա էլ հերթական սկանդալն է դարձել քննարկման առարկա:
Բանակում չծառայած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դասախոսությունը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ոչ միայն լայն քննարկման առարկա է դարձել սոցցանցներում, այլև բարձրաստիճան սպայական կազմի լուրջ դժգոհության պատճառ է դարձել»:
 
Չկողմնորոշված. Որն է լինելու «Իմ քայլի» հաջորդ քայլը. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ հայտարարությունների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներից տպավորություն էր ստեղծվում, որ այդ խմբակցությունը դարձել է կառավարության և իշխանության ամենաարմատական ընդդիմությունը:
«Իմ քայլի» պատգամավորները քննադատում էին ոչ միայն մանր ու միջին պաշտոնյաներին, այլ նաև կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ դժգոհելով նրանց կողմից իրականացվող կադրային քաղաքականությունից:
Հաջորդ քայլը թերևս «Իմ քայլի» կողմից գործող կառավարությանը անվստահություն հայտնելն է, չնայած դրա համար կան սահմանադրական արգելքներ: Առայժմ»:
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն