Ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների և Գնդեվազի բնակիչների միջև. կա ձերբակալված


Ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների և Գնդեվազի բնակիչների միջև. կա ձերբակալված

  • 26-08-2019 17:46:10   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Օգոստոսի 25-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ականջի պատռված ու ակնակապիճի կտրված վերքերով «Վայք» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:
 
Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 24-ին Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք: Հենց այդ միջադեպի ընթացքում էլ տղամարդիկ ստացել են վնասվածքներ:
 
Միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է: Նրանցից մեկը՝ Կեչուտի 25-ամյա բնակիչը, ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
 
Փաստի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Քննությունը շարունակվում է:
 
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն