Քաղաքական որոշում ենք կայացրել չմասնակցել մի գործընթացի, որը դուրս է իրավական հարթությունից. Նաիրա Զոհրաբյան
14-02-2020 17:45:59 | Հայաստան | Քաղաքական
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Այս մասին փետրվարի 14-ին կայացած ԲՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ իրենք քաղաքական որոշում են կայացրել չմասնակցել մի գործընթացի, որն ի սկզբանե դուրս է եղել իրավական հարթությունից:
«Այս գործընթացի հենց սկզբից գործող իշխանությունը հարցն իրավական հարթությունից տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպտակի կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման այս էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին»,- մեջբերեց որոշման տեքստից մի հատված Ն. Զոհրաբյանը:
Նրա խոսքերով՝ իրենք առաջարկել են իշխանություններին այս գործընթացն իրավական դաշտ բերել, սակայն մերժվել են, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը նշել է, որ Սահմանադրական դատարանի հարցն իրենց համար քաղաքական է: