Վաղվա ընտրությունը կազմակերպում ենք ոչ ստանդարտ պայմաններում. համոզված եմ՝ գիտակցում եք պահի լրջությունը. ԱՀ ԿԸՀ նախագահ
30-03-2020 17:00:19 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի՝ այսօր նախատեսված մամուլի ասուլիսը կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով տեղի ունեցավ ոչ թե լրագրողների ու դիտորդների մասնակցությամբ, այլ առցանց:
«Արցախի ընտրական պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի եւ նախագահական ընտրությունները կանցկացվեն համաժամանակյա»: Վաղը կայանալիք համապետական ընտրությունների նախօրեին անցկացվող ասուլիսի մեկնարկին այս մասին հայտարարեց Արզումանյանը: Ըստ նրա՝ առաջին անգամն է նաեւ, որ Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով: Սա նախատեսված է 2017 թվականի փետրվարի 20-ին ընդունված նոր Սահմանադրությամբ:
Արզումանյանն ընդգծեց նաեւ, որ 29 տարվա անկախ պետության համար վաղվա համապետական ընտրությունները 15-րդն են:
Խոսելով ընտրությունների նկատմամբ դիտորդների եւ ԶԼՄ-ների ուշադրության մասին՝ ԿԸՀ նախագահը ներկայացրեց անկախությունից ի վեր այդ առումով գրանցված դինամիկան: Մասնավորապես, ըստ Արզումանյանի, եթե 1991 թվականի հանրաքվեն դիտարկել են 40 դիտորդներ, ապա 2019-ին տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունները դիտարկել են 324 դիտորդներ:
«Այսօր պատկերը շատ ավելի ընդգրկուն է. վաղը կայանալիք ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 963 դիտորդ, 231 ԶԼՄ ներկայացուցիչ»,- հայտարարեց Արզումանյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ 38 դիտորդներ եւ 40 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրություններին:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունած եւ Արցախ ժամանած դիտորդներին ու լրագրողներին՝ Արցախի ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ նրանք էլ բավարար են՝ ընտրությունների լեգիտիմությունը ապահովելու համար: Մասնավորապես, ըստ Արզումանյանի, հաշվի առնելով, որ, Արցախում կազմավորվել է 280 ընտրական տեղամաս, ապա կարելի է ասել, որ յուրաքանչյուր տեղամասում գոնե 3 դիտորդ կարող է լինել: Եթե սրան էլ գումարում ենք լրագրողներին, ապա ստացվում է, որ ցանկության դեպքում բոլոր տեղամասերը եւ տեղամասերից դուրս իրավիճակը հնարավոր է վերահսկել:
Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի ընձեռած հնարավորությունների մասին՝ Սրբուհի Արզումանյանը նկատեց, որ երեկ Արցախի նախագահի թեկնածուների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճը նոր ԸՕ պահանջ էր:
Որպես նորություն՝ վաղը կկիրառվեն նաեւ մեկանգամյա օգտագործման պարկեր, որոնք թույլ են տալիս ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո առկա փաստաթղթերը ներկայացնել տեղամասեր: Տեղամասերում կլինեն նաեւ նոր քվեախցիկներ, որոնք ապահովում են ընտրության գաղտնիությունը, ինչպես նաեւ խոշորացույցներ՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման վտանգին, այս իմաստով ԿԸՀ նախագահի առաջին խորհուրդը կուտակումներից հնարավորինս խուսափելուն էր վերաբերում: Մնացած մասով, մասնավորապես՝ տեղամասերի ախտահանման, անհատական դիմակների, ձեռնոցների, գրչի տրամադրման, ԿԸՀ-ն արդեն ամեն ինչ հոգացել է:
Արզումանյանն անդրադարձավ նաեւ ընտրողների թվին՝ հայտարարելով, որ Արցախում 103,663 ընտրող կա:
Խոսելով քարոզարշավի ընթացքում թեկնածուների հայտարարությունների, արձանագրված խախտումների, հնչած դժգոհությունների մասին՝ Արզումանյանն ասաց. «Քարոզարշավը աչքի ընկավ հուզական բարձր մակարդակով: Դա պայմանավորված էր նաեւ թեկնածուների մեծ թվով: Այս պարագայում ընտրական պրոցեսը չէր կարող զերծ լինել որոշակի թերություններից, անգամ՝ խախտումներից»: ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ բոլոր ահազանգերով զբաղվել են իրավապահ մարմինները, խախտումները, թերությունները, բացթողումները կամփոփվեն, եւ ԿԸՀ-ն կներկայցնի հանրության դատին:
Իր խոսքում Արզումանյանը նաեւ ընդգծեց.
«Արցախում ընտրություններ են տեղի ունենում մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի համավարակը աշխարհի գրեթե բոլոր երկրներին ստիպել է գնալ սահմանափակումների: Մենք ընտրությունները կազմակերպում ենք ոչ ստանդարտ պայմաններում, համոզված եմ՝ յուրաքանչյուրդ գիտակցում եք այս պահի լրջությունը: Հավատացնում եմ՝ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ձեզ համար կստեղծեն ապահովության զգացողություն»:
ԿԸՀ նախագահը ասուլիսի ավարտին տեղեկացրեց, որ վաղը նախատեսված ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն մինչեւ ապրիլի 1-ի ժամը 20:00-ն: Այսօրվանից սկսած՝ ԿԸՀ-ում կգործի թեժ գիծ. 8008 կարճ համարին կարող են զանգահարել բոլոր նրանք, ովքեր կցանկանան հարցեր ուղղել ընտրական գործընթացի վերաբերյալ: