Նախագահը բարդ ընտրության առաջ․ ի՞նչ որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24-04-2020 18:37:17 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Նախագծով ըստ էության հնարավորություն է տրվում բռնագանձել բոլոր մարդկանց գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Ընդ որում, օրենքը վերաբերում է մինչև 1991 թվականը ձեռք բերված գույքին: Նախագծերի փաթեթի ընդունումից հետո այն սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և միայն նրա ստորագրումից հետո այն կսկսի գործել։
Արմեն Սարգսյանն այն ստորագրելու համար ունի 21 օր, սակայն չի բացառվում, որ կրկին օգտվի Սահմանադրությամբ իրեն վերահապահված հնարավորությունից և այս նախագծի սահմանադրականությունը վիճակի Սահմանադրական դատարանում։ Նկատենք, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ են տեսնում անգամ իմքայլականները եւ բարձրաձայնել են այդ մասին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախագահը դեռ չի շտապի ստորագրել նախագիծը եւ այժմ այն իրավական փորձաքննություն է անցնում աշխատակազմի կողմից և նոր վերջնական որոշում կկայացվի։
Նկատենք, որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը ստորագրեց վերջին պահին՝ 21-րդ օրը՝ խոստանալով սակայն հետևել կիրառմանը, իսկ Բանկային գաղտնիքի մասին օրենքն էլ ՍԴ-ում է և բանավոր ընթացակարգով կքննվի ապրիլի 28-ին»:
«Իրատես» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկության համաձայն` մայրաքաղաքի պոլիկլինիկաներում կտրուկ նվազել է կանչերի քանակը, նկատելի է սուր շնչառական վարակների հետ կապված նվազումը։ Տեղեկությունը տեղեկություն, սակայն, ինչպես ասում են, «доверяй, но проверяй»։
«Այո, աննախադեպ նվազել են կանչերը։ Արդեն երրորդ շաբաթն է կանչերի թիվը օրական 3-4 է։ Նման պատկեր ունենում ենք օգոստոսին,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին Երեւանի մի շարք պոլիկլինիկաների ղեկավարներ` ընդգծելով, որ դեկտեմբերից մինչեւ մարտի վերջ կանչերի թիվը օրական գերազանցել է մեկ տասնյակը, որոնց գերակշիռ մասը սուր շնչառական վարակներն են եղել։
Հետաքրքրական է, որ 2020-ի ապրիլի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածի տվյալները, ըստ մասնագետների, ցածր են անգամ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսօր ստեղծված իրավիճակում սա իսկապես հետաքրքիր ֆենոմեն է։
Բոլոր դեպքերում, փաստը մնում է փաստ, որ կանչերի թիվը նվազել է։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում փաստեց նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության, պոլիկլինիկաները համակարգող գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալակյանը.
«Այո, ձեր հետաքննության արդյունքները ճիշտ են։ Յուրաքանչյուր ուրբաթ մենք ուսումնասիրում ենք պոլիկլինիկաներից ստացված տվյալները։ Իսկապես վերջին 4-5 շաբաթում զգալիորեն նվազել է կանչերի քանակը, սակայն որքանով է նվազել սուր շնչառական վարակների հետ կապված կանչերի թիվը, չենք կարող ասել, քանի որ նման ստատիստիկա չենք վարում»։
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ նվազել է պոլիկլինիկա այցելողների թիվը, ինչը պայմանավորված է երկու գործոնով։ Առաջինը՝ Covid 19-ի ստեղծած իրավիճակից ելնելով պոլիկլինիկաների աշխատանքները վերադասավորվել են։ Երկրորդ՝ մեծահասակ, տարեց մարդկանց այցելում են սոցիալական աշխատակիցները։ «Մեր քաղաքացիների ելումուտը հնարավորինս սահմանափակելու նպատակով, պոլիկլինիկաները քրոնիկ հիվանդներին նախապես ապահովել են երկու ամսվա դեղորայքով։ Հատուկ օրեր են սահմանվել նաեւ երեխաների պատվաստումները իրականացնելու համար։
Քանի որ մեր տարեց քաղաքացիներին այցելում են սոցաշխատակիցները, վերջիններիս այցելությունները պոլիկլինիկաներ եւս սահմանափակվել են»,- ասաց Անահիտ Չարխիֆալակյանը։
Ի դեպ, մեր ունեցած տեղեկության համաձայն, պոլիկլինիկաների սպասարկումից այս օրերին դժգոհություններ չեն եղել։ Բայց եւ այնպես, հետաքրքիր է` ինչո՞վ է պայմանավորված կանչերի թվի նվազումը։ Գուցե մարդիկ սովորական գրիպի դեպքում անգամ խուսափում են դիմելուց բժշկին՝ Covid 19-ով պայմանավորված, կամ էլ պետք է ենթադրել, որ ձեռնարկվող միջոցառումները բարենպաստ ազդեցություն են ունեցել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի փետրվարի 12-ի հրամանով, ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացներ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Սակայն որոշում է կայացվել փոփոխել ժամկետները եւ պատճառը թերեւս արտակարգ դրությամբ ստեղծված իրավիճակն է, քանի որ հանձնաժողովի նիստերը չեն կայանում։
Այսինքն, մայիսին պետք է հանձնաժողովն արդեն մշակած ունենար բարեփոխումների հայեցակարգը, սակայն հաշվի առնելով դրա անհնարինությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է փոփոխել ժամկետները, եւ սահմանել, որ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
Ստացվում է, վերջնական նախագիծը պատրաստ պետք է լինի միայն հաջորդ տարի։
Հավելենք, որ հանձնաժողովը կազմված է 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկված են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՀՀ օմբուդսմենը, նաեւ ԲԴԽ-ից մեկ անդամ, հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտանական»։
«Իրատես» թերթը գրում է. «Դժվար է ասել, թե իշխանությունը երբ կորոշի հանրային տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը հանել, բայց դա մեծ պատուհաս է դարձել աշխատող քաղաքացիների, հատկապես պետական ծառայողների համար։
Նրանք այս իրավիճակում համ աշխատում են, համ առողջությունը ռիսկի ենթարկում, համ էլ ստացած աշխատավարձը գրեթե ամբողջովին տալիս են տաքսիներին։ Օրերս մի շարք պետծառայողներ մեզ հետ զրույցում իրենց վրդովմունքը հայտնեցին առ այն, որ իշխանության վերնախավը, որ ծառայողական մեքենաներով է պտտվում, մոռանում է, որ շարքային աշխատողները օրը նվազագույնը 2000 դրամ են տալիս աշխատանքի գնալու եւ գալու համար։
Մեր դիտարկմանը` պետական կառույցներն իրենց աշխատակիցներին տրանսպորտով չե՞ն ապահովում, մեր զրուցակիցները հավաստիացրին, թե բոլորը չէ, որ նման հնարավորություն ունեն։ «Ողջ ամսվա աշխատավարձս տվել եմ տաքսիներին, թող գոնե ավտոբուսների երթեւեկությունը թույլատրեն ու հսկողություն սահմանեն, որ մարդիկ իրար շալակ չբարձրանան»,- զայրացած նշեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով հայտնի առածը. «Կուշտն ի՞նչ գիտի, թե սովն ինչ է»։
Եվ իսկապես, ի՞նչ անի այն քաղաքացին, որն ընտանիքի միակ կերակրողն է, իսկ ամսվա ողջ աշխատավարձն էլ հերիքում է միայն ճանապարհածախսին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին կայցելի Արցախ։ Պաշտոնյան Ստեփանակերտ կգործուղվի ապրիլի 27-28-ը։
Նկատենք, որ վերջին շրջանում Արմեն Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։ Ընդ որում, նա Արցախ էր այցելել ոչ միայն մինչեւ համապետական ընտրությունները, այլ նաեւ դրանից հետո՝ մինչեւ նախագահական երկրորդ փուլը։ Այս անգամ պաշտոնական մեկնաբանմամբ Արմեն Գրիգորյանն Արցախ է մեկնում՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։
Նկատենք, որ օրեր առաջ Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ Երեւանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ մեկ անգամ եւս հանդիպում լինի արդեն Ստեփանակերտում։
Բացի այդ, հանդիպում է նախատեսված նաեւ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումները բազմազան են լինելու՝ նաեւ ռազմական իշխանության հետ եւ այն մեկնաբանվում է որպես անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Արցախի նախագահի ընտրություններում գրեթե անթաքույց սատարում էր Մասիս Մայիլյանին, որը 5000-ին մոտ ձայն հավաքեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմքայլական պատգամավորները, որոնք պարգեւավճարներ չստանալու հետ կապված դիսկոմֆորտի մեջ են, կրկնակի դիսկոմֆորտի մեջ են հայտնվել կորոնավիրուսի եւ սահմանները փակվելու արդյունքում չեղարկված գործուղումների պատճառով։
«Միայն անցած տարի այդ գործուղումները կազմել են մոտ 900 միլիոն դրամ գումար` երեք անգամ ավել պետբյուջեով նախատեսվածից, ինչն իսկապես առասպելական թիվ է` չունեցած ՕԳԳ-ի համեմատ։ Իրականում զուտ տուրիզմ է եղել։
Սակայն այդ թվերի մեջ ուրույն հմայք ունեն օրապահիկին հատկացված գումարները, որոնք նույնպես փոքր չեն՝ նախկիններից ժառանգած լավագույն ավանդութներին չդավաճանելու օրինչափությամբ, օրապահիկների չնչին մասն են պատգամավորները ծախսել, տարբերությունը դարձրել են «նախնական կապիտալ»։
Ինչը նույնպես փոքր թիվ չէ, եւ այսօր դրանից էլ են զրկվել ու անհամբեր սպասում են, թե երբ են կրկին «թռչելու»։ Նրանք պատրաստվում են կարանտինի ավարտից անմիջապես հետո գործուղումների հարցը շատ արագ բարձրացնել Արարատ Միրզոյանի առջեւ։ Ի դեպ, Լենա Նազարյանի մատնանշած` քիչ նվիրվելու պատճառներից մեկն էլ սա է»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանի պաշտպանական թիմն առաջին ատյանի կայացրած կալանքի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Օրերս վերաքննիչում լսվել է բողոքը, դատարանը մերժել է այն, ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը, ինչն էլ հաստատեց Գ. Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը. «Թեեւ վերաքննիչ դատարանը նշել է, որ առաջին ատյանում խախտումներ կային, սակայն վերաքննիչ դատարանն էլ իր հերթին նոր կոպիտ խախտումներ է թույլ տվել` փորձելով արդարացնել կալանավորման որոշումը, նույնիսկ հիմնվելով առաջին ատյանում հերքված ապացույցի վրա` հաշվի չի առել պաշտպանական կողմի փաստարկները»:
Ըստ մեր աղբյուրների, ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերի, այնպես էլ այս դեպքում քրեական գործի ապացուցողական բազան բավականին թույլ է, իսկ առաջին ատյանի մեղադրանքներից մեկն արդեն իսկ վերաքննիչում հերքվել է: Հիշենք` Գ. Բեգլարյանի նկատմամբ հարուցված գործն առնչվում է Երեւանի ավագանու նիստերի որոշման իրավաչափությանը՝ կասկադի հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի վերակազմակերպման մասին, որի արդյունքում «առանձնապես խոշոր չափերի» հասնող անշարժ գույք է յուրացվել:
Ի դեպ, որոշ տեղեկություններով` հետախուզման մեջ գտնվող նախկին քաղաքապետն, ի տարբերություն նախկին իշխանության մնացած «վտարանդիների», ոչ թե Մոսկվայում է, այլ` Դուբայում է գտնվում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իմքայլականները, մանավանդ արցախյան խնդրին առնչվող Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններից, էլ առավել` իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ լայվերից հետո հասկանում են` իրենց լավ օրեր չեն սպասում, եւ ակամա կենտրոնանում են պարետ Ավինյանի վրա, որը վերջին շրջանում իրեն զգում է այնպես, ինչպես «ձուկը ջրում»։
Փաշինյանն էլ փորձում է նրան ափ նետել, շնչահեղձ անել, այնուհանդերձ, արդեն իսկ խոսակցություններ կան թիմում, որ նրա նկատմամբ այլեւս «լիչնիյ նեպրիյազն» չունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որին «թեթեւ սահքով» նույն «գորշ կարդինալ» Ավինյանը առաջին փոխվարչապետից ուղարկեց ԱԺ` մլուլ տալու, գործադիրում ազդեցության ողջ դաշտը վերցնելով իր վերահսկողության տակ:
Ու սա դեռ բոլորը չէ. «Իմ քայլի» սորոսականների որոշակի թեւ եւս սկսել է համակրանքով վերաբերվել Ավինյանին, ինչն էլ ակնհայտորեն անհանգստացնում, դուր չի գալիս Փաշինյանին, եւ վերջինիս լայվերից մեկը հատկապես այդ ակնարկներն էր պարունակում»: