Սերժ Սարգսյանը ստե՞լ է. Ինչ է պատմել Լևոն Մնացականյանը


Սերժ Սարգսյանը ստե՞լ է. Ինչ է պատմել Լևոն Մնացականյանը

  • 28-04-2020 16:07:18   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ տեղի է ունեցել ԱԺ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։ Գրվել էր, որ մինչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտը, կլսեն ՊԲ ներկայացուցիչներին։ Եվ ահա երեկ հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցում էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արտակարգ իրավիճակների նախարար Լևոն Մնացականյանը:
Նկատենք, որ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մնացականյանը նշել է, թե ՝ իրենց հաշվարկով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է մինչև 400 հեկտար: Հիշո՞ւմ եք` ապրիլյան պատերազմից հետո նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ևս խոսել էր 800 հեկտարի կորստի մասին, սակայն վերջերս խմբագրեց իր ասածը` հայտարարելով 400 հեկտարի մասին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստի ընթացքում այս հարցը գլխավորներից մեկն է եղել, և հանձնաժողովի անդամները փորձել են և ցանկացել են հենց նախկին նախարարից իմանալ՝ ի վերջո կորուստը քանի հեկտար է եղել, և արդյոք Սերժ Սարգսյանը ստել է։ Ընդ որում, նրանք Մնացականյանին հիմնականում տվել են այն հարցերը, որոնք պետք է տային ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, սակայն չեն կարողացել։
Այս անգամ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստն այնքան էլ երկար չի տևել, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, սակայն կրկին բավական ակտիվ է անցել և յուրաքանչյուր պատգամավոր մի քանի հարց է տվել նախկին նախարարին։ Իսկ Մնացականյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հիմնականում պատմել է այն, ինչ 5-րդ հեռուստաալիքի նկարահանած հայտնի ֆիլմում է ասել:
Նկատենք, որ շուտով հանձնաժողովի աշխատանքներն ավարտվելու են և մինչև այդ կփորձեն լսել ՊԲ ևս երեք ներկայացուցչի։ Չի բացառվում հրավիրվի նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը»։
 
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցած շաբաթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել իր պաշտոնից: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ապագա տնօրենի հարցը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում իշխանական օղակներում ակտիվորեն շրջանառվում է Վազգեն Ավետյանի անունը։ Վերջինս երկար տարիներ ղեկավարել է ոլորտային GfK և Nielsen միջազգային կազմակերպությունները, մատուցել է խորհրդատվական ծառայություններ մեդիա ընկերություններին և հեռուստաալիքներին։
Այս թեկնածությունը առավել ուշագրավ է դառնում վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունների համատեքստում։ Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, Հ1-ին վերադարձվում է գովազդ հեռարձակելու իրավունքը։ Այսկերպ իշխանությունները նպատակ են հետապնդում նվազեցնել մասնավոր հեռուստաալիքներին ուղղվող ֆինանսական ահռելի միջոցները։
Հեռուստաշուկայի ներքին խոհանոցին տիրապետող անձի նշանակումը փաստացի մրցակցային առավելություն կտրամադրի գովազդային դաշտի վերաբաշխման գործընթացում։
Իհարկե, տնօրենին մրցութային կարգով ընտրելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, սակայն ակնհայտ է, որ նման պատասխանատու պաշտոնի նշանակումը չի կարող իրականացվել առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանության»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրանում և պահանջում է վերջապես հայտնաբերել «նախկինների» թալանածը, ՊԵԿ-ը ինչ-որ աղմկոտ ակտ է կազմում, որը հետագայում ինքն էլ «ջրում» է։
Օրինակ՝ անցած տարի Քոչարյաններին պատկանող «Նաիրի ինշուրանսի» դեպքում հայտարարվեց հանցավոր սխեմաներ հայտնաբերելու մասին, սակայն փաստ է, որ 2016թ. հետո Լևոն Քոչարյանի հիմնարկում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, ժողովրդի լեզվով ասած՝ հարկային ստուգում չի իրականացվել։ Թերևս այստեղ իր դերը խաղում է ՊԵԿ-ից «Նաիրի ինշուրանսում» կատարված համալրումը, երբ Արաբկիրի հարկայինի պետը տեղափոխվեց Քոչարյանների կայսրություն որպես տնօրենների խորհրդի անդամ՝ ըստ էության, նրանց ապահովագրելով տարբեր «արհավիրքներից»»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ Պետական վերահսկողական ծառայությունը, հատկապես Դավիթ Սանասարյանից հետո, համալրվում է նախկին կադրերով, բազմիցս գրել ենք։ Այդ կառույց հիմնականում գնում են ՊԵԿ-ից, ովքեր նախկինների նշանակածներն են։
Վերջերս ՊՎԾ-ում ևս մեկ ուշագրավ նշանակում է կատարվել։ Կրթության տեսչության աշխատակցուհի Գայանե Արզումանյանը նշանակվել է ՊՎԾ ընդհանուր բաժնի պետ։ Այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթի 5 մասնակիցներից հենց նա է ընտրվել։ Կրթության տեսչությունը Սասուն Համբարձումյանի կողմից լքելուց հետո Գայանե Արզումանյանը պետք է դառնար վարչության պետ, բայց վերջինս նախընտրեց երկրի կարևորագույն վերահսկողական ծառայությունը։
Արզումանյանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մտերիմներից է։ Փաստորեն, Սերժի մնացորդները ոչ միայն պետական համակարգից չեն հեռացվում, այլև շատ հարմար տեղավորվում են այնտեղ»։
 
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ այս օրերին Հայաստանի ոստիկաններն աշխատում են գերագույն ծանրաբեռնվածությամբ՝ իրենց ընթացիկ պարտականություններից զատ ապահովելով նաև պարետատան կողմից կայացվող որոշումների կատարման գործընթացը: Սակայն, այս ամենից զատ, նրանք նաև իրենց ֆինանսական ներդրումն են ունեցել համավարակի հաղթահարման գործում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և հաղթահարելու համար գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին գումար է փոխանցվել նաև ՀՀ ոստիկանության կողմից:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, խոսքը շուրջ 33 միլիոն դրամի մասին է, որը հավաքվել է միջին ու բարձր սպայական կազմի կողմից՝ կամավորության սկզբունքով»:
6. Բիզնեսի «արտագաղթ». X գրուպի սեփականատերն իր բիզնեսը տեղափոխում է Ռուսաստան և Գերմանիա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից իր բիզնեսը Ռուսաստան և Գերմանիա է տեղափոխում X գրուպ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը:
Մինչև հեղափոխությունը Խաչատրյանը վայելում էր նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հովանավորությունը, ինչից նա ներկայումս զրկվել է, իսկ դա նշանակում է, որ ստիպված է աշխատել օրինական դաշտում:
Օրերս հայտնի դարձավ նաև, որ Խաչատրյանին պատկանող որոշ ձեռնարկությունների աշխատակիցների ստիպել են հետ վերադարձնել նրանց քարտային հաշիվներին փոխանցված աշխատավարձերը, քանի որ այդ ընկերությունները արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված չեն աշխատել»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը հետաձգեց Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը։ Ինչպես հայտնի է, խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելուն։ Եվ այսօր պետք է բանավոր ընթացակարգով սկսվեր գործի դատաքննությունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրը տեղափոխվել է և կկայանա հունիսի 16-ին։ Որպես հիմնավորում ՍԴ-ն նշում է, թե լրացուցիչ ուսումնասիրություններ անելու անհրաժեշտություն կա։
Նշենք, որ այս նախագծերը խորհրդարանի կողմից ընդունվել էին դեռ հունվարի 22-ին, սակայն կարգավորումներում ՀՀ նախագահն ըստ էության խնդիրներ է տեսել։
Նշենք, որ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ: Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։ Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։ Նկատենք, որ չնայած այս դիմումի առկայությանը, խորհրդարանում քննարկվում է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» նախագիծը, որն իր մեջ ևս նման կարգավորումներ է պարունակում»։
 
«Նոյյան տապան»-ը հղում կատարելով ՀՀ ԱԱԾ-ին գրում է. 
 
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:
Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝  արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է  փոխառության 2 պայմանագրեր:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
«Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը, որը բազմիցս հայտարարել է, որ նախկին իշխանության օրոք իրեն կեղեքել են, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ տեղեկություններ է հայտնել: Նա ասել է. 
«Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն է մեղավոր, որ նախորդ իշխանության ձեռքին գործիք էր դարձել և կազմակերպեց իմ գույքերը վերցնելու օպերացիան: Աղաղակող փաստեր կան…
Կենտրոնական բանկը բացի գրավոր խոստանալուց, ուրիշ քայլ չձեռնարկեց և 6 մլն դոլարի կորցրած իրավունքը չփորձեց վերականգնել: Ես էլ բնականաբար հրաժարվեցի 5,6 մլն դոլարը փոխանցել: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը լկտիաբար դիմեց դատարան, ու դատարանը ակհայտ ապօրինի դատական ակտ կայացրեց այդ գումարն ինձանից բռնագանձելու մասին»:
Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, այսօր Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում գործարարի հայտարարությունների մասով հարուցված է քրեական գործ և քննություն է ընթանում: Թե ինչ արդյունք կունենանք, ժամանակը ցույց կտա»:
 
«Հրապարակ»-ը գրում է․ 
 
«Խորհրդարանում «Իմ քայլը» նոր փորձության առջև է կանգնել. մարտ ամսվա պարգևավճարները սրտի մրմուռով փոխանցել են կորոնավիրուսի ֆոնդին, բայց պատերի տակ դժգոհում են․ «Արսեն Թորոսյանն իր ընկերներին փայ-բաժին հանի, մենք պարգևատրումից զրկվենք»։
Ընդ որում, «Իմ քայլի» մի քանի «անապահով» պատգամավորներ չեն փոխանցել այդ գումարը, ինչը մյուսների մոտ զայրույթ է առաջացրել, և նրանք պատրաստվում են Արարատ Միրզոյանի առջև հարց բարձրացնել. «Կա՛մ փոխանցում ենք բոլորս, կա՛մ` ոչ մեկը, էդ փողը մեզ էլ ա պետք»: Իսկ այս օրերին խորհրդարանում պատրաստվում են 3 ամսվա պարգևավճարները ևս փոխանցել կորոնավիրուսի ֆոնդին: «Որևէ ներքին ըմբոստություն չկա, մի քանի հոգի ասել են, որ սոցիալապես ի վիճակի չեն փոխանցել, մեկ թե երկու հոգի էլ` կեսն են փոխանցել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ի՞նչ են անում, որ «սոցիալապես անապահով» են։ «Մենք, ի տարբերություն նախկինների, օլիգարխների իշխանություն չենք, ոնց 2 տարի առաջ աղքատ եղել ենք, հիմա ևս շատ մարդիկ էդ վիճակում են»: 600-700 հազար դրամը չի՞ բավարարում, երկրում նվազագույն աշխատավարձը 68 հազար է, էլ չենք ասում արտակարգ ռեժիմի ու օրավարձով աշխատողների մասին, որոնց այսօր պետությունը չի կարողանում օգնել։ «Որպեսզի դուք, մնացյալը կարողանան բարձր աշխատավարձ ստանալ, երկրի, որևէ ֆիրմայի կառավարումը պետք է իրականացնեն արհեստավարժ մարդիկ, և որ պառլամենտական երկրի պատգամավորը ստանում է ընդամենը 800-900 դոլար, ես կարծում եմ` լուրջ մտածելու տեղիք պետք է տա»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն