Սպասվում են աղմկոտ հեռացումներ և նոր նշանակումներ․ ի՞նչ պայման է դրվել վարչապետի առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սպասվում են աղմկոտ հեռացումներ և նոր նշանակումներ․ ի՞նչ պայման է դրվել վարչապետի առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 06-05-2020 16:26:25   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակտիվացել են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների և ԱԺ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները։
Դրան զուգահեռ՝ գնալով շատանում են խոսակցությունները իշխանական թիմում առկա հակասությունների մասին: Ճիշտ է՝ նման տեղեկություններ շրջանառվում են պարբերաբար, սակայն, դատելով մամուլում տեղ գտած տեղեկություններից, այս անգամ խոշոր կադրային փոխատեղումներ են սպասվում
Իսկ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ հենց այս փուլում։ Եթե հիշում եք, Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում հայտարարեց, թե իրենք մտադիր են մաքրել պետական կառավարման համակարգը, քանի որ այնտեղ աշխատում են նախկինների համախոհներ, ովքեր փորձում են սաբոտաժ կատարել ներկայիս իշխանության նկատմամբ։
Ըստ նրա, շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից։ Եվ առաջին անգամ չէ, որ Փաշինյանը դժգոհում է պետական կառավարման համակարգի աշխատանքից։
Նա ամիսներ առաջ ևս հայտարարել էր, թե պետական կառավարման համակարգն իրենց դիմադրում է, սակայն վարչապետի այս վերջին հայտարարությունը խորհրդանշական է այն առումով, որ մենք ներկայումս գտնվում ենք արտակարգ դրության իրավական ռեժիմում, թեկուզ սահմանափակումները թուլացրած։
Թվում էր, թե Փաշինյանը պետք է զերծ մնա արտակարգ դրության պայմաններում կադրային խոշոր տեղաշարժեր կատարելու հարցը առաջնահերթ համարելուց, քանի որ ներկա փուլում Հայաստանը չտեսնված քանակի խնդիրների մեջ է մխրճվել՝ կորոնավիրուսի համավարակի տարածումից սկսած, տնտեսական ճգնաժամով վերջացրած։
Եվ սրա հետ մեկտեղ սպասվում է, որ գործազրկությունն առաջիկայում անասելի չափերի է հասնելու։
Սակայն հարցը ավելի խորքային դիտարկելու դեպքում կարող ենք նշել, որ արտակարգ դրությունից հետո տեղի ունեցող կադրային փոփոխությունները որոշակի արձանագրումների արդյունք են։
Առաջին հերթին Փաշինյանը սկսել է գիտակցել, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրային դժգոհությունների նոր պիկ է տեղի ունենալու, քանի որ տնտեսության ժամանակավոր դադարի և արտաքին առևտրային գործընկեր երկրներում տեղի ունեցող զարգացումները պայմաններ են ստեղծել, որպեսզի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի բարդանա, ինչն այսօրվա պայմաններում կառավարությունն ի վիճակի չէ կանխել։
Ուստի, որպեսզի թույլ չտա, որ դժգոհությունների նոր ալիքը իր դեմ ուղղվի, Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպիսի քայլերի դիմել, որոնց միջոցով կարող է հույսեր ներշնչել հանրությանը, ինչը և անելու է՝ սեփական տնտեսական և քաղաքական ձախողումները (քանի որ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում Հայաստանի կորուստները կարող էին այս ընթացքում ավելի քիչ լինել) քողարկելու նպատակով կադրային փոփոխությունների գնալով։ Իսկ ձախողումների հիմնական մեղքը կբարդվի քավության նոխազ դարձած պաշտոնյաների վրա։
Պետք է ընդունենք, որ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը երբեք էլ չի փայլել։ Վերջինս բարձր պաշտոններում նշանակեց մեծ թվով անփորձ երիտասարդների, որոնք անգամ պատկերացում չունեին պետական կառավարման համակարգից։ Սա մի կողմից բերեց նրան, որ պետական կառավարման համակարգի որոշ ուղղությունների գործունեությունը դարձավ հախուռն և իրավիճակային։
Իսկ մյուս կողմից՝ առանձին հիմնարկների կամ գերատեսչությունների ներսում խմորումներ սկսվեցին։ Երբ այդ կառույցների ներսում տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ աշխատողների ղեկավար է նշանակվում ինչ-որ անփորձ երիտասարդ, ապա այդ աշխատողների մոտ դիմադրություն է առաջանում ոչ պրոֆեսիոնալ ղեկավարի նկատմամբ։
Եվ այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանը հնարավորություն ունի արտակարգ դրության ավարտից հետո բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած հակաճգնաժամային թիմ ձևավորել, որի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել ճգնաժամն արագ ու անցնցում հաղթահարելու համար։ Սակայն հարց է, թե Փաշինյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե՞ ինչպես միշտ իր նշանակումները կհիմնվեն միայն քաղաքական նպատակահարմարության վրա։ Շատ փորձագետների համոզմամբ՝ երևի թե երկրորդը»:
 
«Նոյյան Տապան»-ը գրում է. 
Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ-ում 2018 թվականի մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն։ 
Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրում քաղաքական իրավիճակին։ 
Ըստ նրա՝ Հայաստանը կայուն ժողովրդավարկան պետություն է։ 
 «ՀՀ-ում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, և ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն։ Բայց ես ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում հաստատված է ժողովրդավարական կայունություն, հաստատված է ժողովրդավարական և ժողովրդական իշխանություն և ՀՀ ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում»,- ընդգծեց Ն. Փաշինյանը։ 
Վերջինս նաև արձանագրեց, որ Հայաստանում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը, կասկածի տակ դնել 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը։ 
Վարչապետի խոսքերով՝ 2019 թվականին բոլոր միջազգային ժողովրդավարական ինդեքսներում ՀՀ-ն արձանագրել է տպավորիչ անգամներով աճ՝ միջազգային ժողովրդավարական հանրության ետնախորշերից տեղափոխվելով առաջնաբեմ։ 
Անդրադառնալով նախորդ տարի իշխանությունների կողմից չլուծված խնդիրներին՝ Ն. Փաշինյանը նկատեց. 
«Մենք չենք կարողացել լուծել ՀՀ-ում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։ Եվ ես ուզում եմ ասել, թե ինչո՞ւ մենք չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատական իշխանության հարցը։ Դրա համար կա, գոյություն ունի մեկ պատճառ՝ որովհետև մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ։ Ոչ թե մենք ուզում ենք իշխանության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք անկախ դատական համակարգ։ Որովհետև, եթե մենք ուզենայինք կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, ապա վաղուց լուծած կլինեինք, ընդ որում՝ դրա համար մեկ-երկու զանգը կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ»։ 
 
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունների նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն, որով փորձում էին փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային կետերում, որպեսզի ազատվեն ՍԴ նախագահից ու 6 դատավորներից, առ այսօր մնում է օդում կախված։
Չնայած կորոնավիրուսային համավարակը արտաքուստ թեման «սառեցրել» է, սակայն իշխանամերձ որոշ անհատներ փորձում են այն պահել «ջրի երեսին»: Ավելին, ոմանք արդեն նույնիսկ Գավառի դեպքերն են կապում ՍԴ կազմը չփոխելու հետ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հանրաքվեի հարցը, բնականաբար, նաև իշխանությունների օրակարգում է մնում, և ըստ կուլիսներում պտտվող խոսակցությունների, մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրությունից հետո թեման ամբողջ ծավալով դարձյալ կմղվի առաջին պլան։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները և անձամբ վարչապետ Փաշինյանը բավականին վճռական են տրամադրված այս հարցում։ Մեր զրուցակցի խոսքերով, իշխանության ներսում քննարկումների հիմնական առանցքն այն է, թե՝ «տարբերակ չունենք, քանի որ համաճարակը շուտ չի վերանալու, անգամ կարող է 1-2 տարի տևել, չենք կարող «զադնի» դնել»: Սակայն այս առումով ամեն ինչ միանշանակ չէ:
Ըստ մեր տեղեկությունների, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունում և մերձիշխանական սատելիտ «փորձագիտական» ու քաղաքական շրջանակներում տարբեր կարծիքներ են շրջանառվում. ոմանք կողմնակից են, որ իրավիճակը լուծվի ըստ օրենքի՝ հանրաքվեն անցկացնելով ժամկետների մեջ, հակադիր կարծիք ունեցողները պնդում են, որ հարցը պետք է կարգավորել արագորեն՝ ԱԺ շրջանակներում։ Այլ բառերով ասած՝ իշխանության «տանը» կռիվ է ընկել»: 
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն, օր օրի ավելի է խորանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի փոխհարաբերությունները: Ըստ մեր տեղեկությունների, անգամ ապրիլի 21-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ պետք է որոշում կայացվի` կա՛մ ինքն է մնում իր պաշտոնին, կա՛մ նախարարը, քանի որ իրենք համատեղ նույն ոլորտում չեն կարող աշխատել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստի ժամանակ տեսնելով, որ իսկապես իրավիճակը թեժ է, Մխիթար Հայրապետյանին հորդորել է սպասել: Տեղեկություններ կան, որ հնարավոր է առաջիկայում վարչապետը կառավարությունում Հայրապետյանին ինչ-որ մի պաշտոնի նշանակի՝ այդ կերպ լուծելով առկա լարվածությունը:
Նշենք, որ նախարար Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել , «փակել» է բոլոր ինֆորմացիաներն օրենսդիրի համար ու կրթական բարեփոխումների առկա փոփոխությունների վերաբերյալ ո՛չ Հարությունյանն է քայլեր ձեռնարկում, եւ ո՛չ էլ թույլ է տալիս, որ այդ բարեփոխումներն իրականացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովի կողմից, ինչի համար էլ նման լարվածություն է առաջացել Հայրապետյանի եւ Հարությունյանի միջեւ:
Armlur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանից, որը հայտարարեց, թե չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել, իսկ եթե կա տարաձայնություն, ապա դա կապված է իրենց ոլորտում առկա քննարկումների հետ: Իսկ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ լուռ լսեց մեր հարցը, այն տեղեկությունները, ըստ որի իր եւ Հայրապետյանի միջեւ առկա է լարվածություն, սակայն որեւէ պաշտոնական մեկնաբանություն չցանկացավ ներկայացնել՝ հայտարարելով թե ոլորտի հետ կապված քննարկումները բաց են, կարող ենք հետեւել դրան:
Այսպիսով, մնում է սպասել՝ հասկանալու համար, թե Փաշինյանը ինչ հանգուցալուծում կտա այս հարցին»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ի սկզբանե որոշված էր, որ Հայաստանի և Արցախի միջև ազատ տեղաշարժի հնարավորությունը կվերականգնվի մայիսի 10-ից:
Սակայն նկատի ունենալով Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի անորոշությունը, Արցախի իշխանությունները մտադիր են երկարաձգել ինքնամեկուսացման ռեժիմը առնվազն մինչև մայիսի վերջ»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Այսինքն` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով է պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում: Մյուս կողմից մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երևան, որտեղ և բնակություն է հաստատում: Նշենք, որ Երևանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է:
Իսկ ահա Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2100-ով: Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաև ծնվածների թիվը. եթե 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծնվածների թիվը կազմել է 8297, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 7952, իսկ ահա այս տարվա ապրիլի 1-ին՝ 7578: Այսինքն՝ ծնվածները 374-ով պակասել են: Մյուս կարևոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվն է պակասել, մեկ տարվա ընթացքում՝ 18-ով»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կակտիվանան «քնած» ռեժիմում գտնվող մի քանի կուսակցություններ:
«Ժառանգությունը», նրանից պոկված «Երկիր ծիրանին» և անգամ բոլորի կողմից, կարծես թե, մոռացված «Օրինաց երկիրը» պատրաստվում են կրկին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել:
Բնականաբար, այս կուսակցությունները հանդես են գալու գործող իշխանության ընդդիմության դիրքերից, և դա պայմանավորված է այդ դաշտում առաջացած վակուումով»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած ոչ բոլոր անձինք են ներկայացրել՝ միանվագ աջակցություն ստանալու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 18-ին կառավարությունը հաստատել էր 2008թ.–ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին ու նրանց իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու կարգը։ Ըստ այդմ, մահացած անձանց իրավահաջորդները կստանան 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5 մլն դրամ փոխհատուցում։ Եվ ահա, պարզվում է՝ ոչ բոլոր շահառուներն են դիմել փոխհատուցում ստանալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջոցառման շրջանակներում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել 10 զոհված անձանց հարազատներին, առողջությանը ծանր վնաս հասցված 8 անձանց և առողջությանը միջին ծանրության վնաս հասցված 31 անձանց: Ընդհանուր առմամբ ծախսվել է 575 մլն դրամ՝ այդ անձանց աջակցելու համար: Ինչպես նշեցինք, ծրագիրն ամբողջովին չի կատարվել: Չնայած նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշել էր, թե մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց թիվը հստակ չէ, սակայն միևնույն ժամանակ ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայության պատասխանը, որ ծանր և միջին ծանրության վնասվածք ստացել է 63 քաղաքացի, նրանցից 32-ը՝ ոստիկան»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Հայաստանի երեք նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Այս երաշխավորությունը, հիշեցնենք, նախկին վարչապետները պետք է ներկայացնեին դեռևս փետրվար-մարտ ամսին, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը չէին կայանում։
Ուշագրավ է, որ այդ նպատակով Հայաստանում գտնվող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել նաև ապրիլյան դեպքերը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Կարապետյանին։ 2016-ի սեպտեմբերին զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Կարեն Կարապետյանը ուշագրավ հայտարարություն էր արել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկան չի աշխատել»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 21-ին գրել էր, որ «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են նրանք ազատվել ծառայությունից: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հորդորել էին իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել է, սակայն հենց ՊՆ-ի պատասխանի մեջ էլ թաղված է շան գլուխը: ՀՀ ՊՆ Գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի անունից ստացված գրության մեջ ասվում է, որ նրանք օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, և հավելվում. «Հայտնում եմ նաև, որ նշված քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է` հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքի և տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»: Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն հաստատել է մեր հրապարակած տեղեկությունը՝ հայտնելով, որ իրապես զինդատախազի որդիները չեն ծառայել հայկական բանակում, սակայն որոշել են թաքնվել «Անձնական տվյալների անվան տակ»:
Նկատենք, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց քննություն նախկին պաշտոնատար անձանց որդիների բանակից ազատվելու հանգամանքները, եղան բացահայտումներ, սակայն մյուս կողմից ՀՀ Զինվորական դատախազ Վահե Հարությունյանի որդիների` Էրիկ և Պետրոս Հարությունյանների բանակում չծառայելու փաստը փորձում են թողնել առանց մեկնաբանության»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի ընտրություններին նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը գտել է իր պարտության մեղավորներին։
Այս օրերին գեներալ Վիտալի Բալասանյանը իր արդեն հատուկենտ կողմնակիցներին փորձում է ապացուցել, որ ընտրություններին «Քոչարյանենք քաշել» են։ Նա Վիկտոր Դալլաքյանի ոճով ասում է, որ նույնիսկ եթե իր կամուֆլյաժը ուղարկեր դեբատներին և քարոզարշավին՝ նվազագույնը 2-րդ փուլ դուրս եկող էր։ Քոչարյանի աջակիցներն են՝ ընտանիքի որդիների գլխավորությամբ, Բալասանյանին համոզել, որ իրենց աջակցությամբ շուտով Արցախի նախագահն է։
Ասում են՝ Բալասանյանից պակաս չի վշտացել նաև Սեդրակ Քոչարյանը, ում փողերը գրեթե քամուն տվեցին Քոչարյանի «ինտերնացիոնալ» աջակիցները»։
 
«Նոյյան Տապան»-ը գրում է.
Ես իմ նախորդ դիրքորոշումներից՝ սկսած 2018 թվականին հայտնած դիրքորոշումներից ոչ մի բան բացարձակապես, նույնիսկ մի ստորակետ ոչ պակասացնելու, ոչ էլ մի որևէ ստորակետ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ 
Այս մասին Ազգային ժողովում ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ վարչապետը Ղարաբաղյան հարցի շուրջ՝ հաշվի առնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
Ըստ նրա՝ քանի դեռ չի ձևակերպվել մի լուծում, որի մասին իշխանությունները կհայտնեն ժողովրդին՝ հարցնելով վերջինիս կարծիքը, ապա այդ հարցի շուրջ արտահայտվող ցանկացած դիրքորոշում ընդամենը դիրքորոշում է. 
 «Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես եմ հայտնել, Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես եմ հայտնել, Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել, և գիտեք ինչ՝ իմ դիրքորոշումները, այդ թվում այս ամբիոնից, ՀՀ կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքանով որ դրանք մեր դիրքորոշումներն են։ Այսինքն՝ մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում էլ ուրիշ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն»,- ընդգծեց Ն. Փաշինյանը։ 
Վերջինիս խոսքերով՝ պարզ է,որ աշխարհում բազմաթիվ այլ դիրքորոշումներ գոյություն ունեն՝ անկախ հայկական կողմի դիրքորոշումից, իսկ խնդրի կարգավորման ողջ պրոցեսը նրա համար է, որպեսզի կողմերը փորձեն պատասխանել մի հարցի՝ կարո՞ղ են արդյոք մոտեցնել այդ դիրքորոշումներն իրար կամ կարո՞ղ են արդյոք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն