Ստեղծված իրավիճակը դեռևս չի հանգուցալուծվել, ադրբեջանցիների մի մասը այս պահին շարունակումէ գտնվել ՀՀ տարածքում


Ստեղծված իրավիճակը դեռևս չի հանգուցալուծվել, ադրբեջանցիների մի մասը այս պահին շարունակումէ գտնվել ՀՀ տարածքում

  • 15-05-2021 10:21:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել: Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։
 
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։
 
Հարկ ենք համարում նշել, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։
 
Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր:
 
Հաշվի առնելով ստեղծված իրադրության շուրջ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվության մեծ ծավալը, ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: Պաշտպանության նախարարությունը, օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներով:
 
ՀՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play