Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ)<br /> ներկայացվող 10-րդ հատկացման հայտը<br />


Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ)
ներկայացվող 10-րդ հատկացման հայտը

  • 10-12-2008 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի դեկտեմբերի 10-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 10-րդ հատկացման հայտը: «ՀՄՀ-Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացման 10-րդ հայտով ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա եռամսյակի (հունվար-մարտ, 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 6 մլն 811 հազար 305 ԱՄՆ դոլարի չափով: Եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 7 մլն 109 հազ. 153 ԱՄՆ դոլար: 10-րդ հատկացման հայտով ծախսերը կուղղվեն Գյուղական ճանապարհների վերականգնում, Ոռոգվող գյուղատնտեսություն, Մոնիտորինգ եւ գնահատում, Ծրագրի կառավարում եւ վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Ա.Հովսեփյանը նշել է նաեւ, որ ընթացիկ կանխատեսման տվյալների համաձայն, Գյուղական ճանապարհների վերականգնում բաղադրիչի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսավորված շինարարական աշխատանքների արժեքը կհասնի 11 մլն 669 հազ. 871 (առանց ԱԱՀ-ի) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, իսկ ծրագրի փաստացի եւ կանխատեսվող (դեկտեմբեր ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 081 հազ. 321 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում իրականացված աշխատանքների թվում նշվել է, որ Գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրի շրջանակներում Հայաստանի հարավ-արեւմտյան շրջանում 24,5 կմ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Միաժամանակ սկսվել եւ ընթացքի մեջ են առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհաշինարարական պայմանագրերով իրականացվող աշխատանքները, որոնցով նախատեսվում է 273 կմ ճանապարհահատվածի վերանորոգում` 60,3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագրի շրջանակներում ավարտվել են 4 գյուղական համայնքներում իրականացվող երրորդ կարգի ջրանցքների շինարարական աշխատանքները: Նշվել է, որ մինչեւ 2008թ.-ի վերջ Հայաստանի բոլոր մարզերի շինարարական փուլին պատրաստ կլինեն 6 մայր ջրանցքների, 7 ինքնահոս համակարգերի եւ 18 պոմպակայանների վերջնական նախագծերը, որոնց շինարարական փուլի սկիզբը նախատեսված է 2009թ.-ին: Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագրի մաս կազմող Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում մինչ օրս ուսուցանվել են ավելի քան 18 հազար ծրագրի շահառուներ` ջրի ներտնտեսային կառավարման եւ բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի ուսուցման թեմաներով: Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել է 128 փորձացուցադրական տնտեսություն, ինչպես նաեւ բաշխվել է ավելի քան 130 գյուղատնտեսական վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,5 մլն ԱՄՆ դոլար: Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play