«Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնն այս տարի<br /> կանցկացվի հուլիսի 11-18-ին<br />


«Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնն այս տարի
կանցկացվի հուլիսի 11-18-ին

  • 20-05-2010 19:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 11-18-ին: Ինչպես մայիսի 20-ի ասուլիսում հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, փառատոնը ստացել է մոտ 500 հայտ աշխարհի 75 երկրներից, այդ թվում առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից եւ այլն: Նրա խոսքերով, ներկայացված ֆիլմերից կընտրվեն ամենաշատը 100-120-ը: Նա նշեց, որ այս տարի փառատոնը հարուստ է երեւանյան պրեմիերաներով. ներկայացվելու են Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիհ Կապլանողլուի «Մեղրը», հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6»-ը, լեհ հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի նոր ֆիլմը` «Փոխայց»-ը, թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոց»-ը, ամերիկացի Ռոբ Նիլսոնի «Ոգեշնչված»-ը եւ այլ ժապավեններ: Նշվեց նաեւ, որ այս տարի փառատոնի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվելու հայ կինոյի մի քանի նվիրյալների` կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի եւ Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբլեյանները, օպերատոր Ալբերտ եւավուրյանի 75-ամյակը, ինչպես նաեւ կյանքի 75-րդ տարում դեռ ակտիվ նկարահանվող դերասան Արմեն Ջիգարխանյանի հոբելյանը տոնելով: Հոբելյանի առթիվ լույս է տեսնելու նաեւ Ալբերտ եւավուրյանի մասին պատմող մի գիրք, որը կներառի նաեւ նրա հուշերը: Կլինեն նաեւ երկու սփյուռքահայ ռեժիսորների հոբելյաններին նվիրված հատուկ ծրագրեր` «Անրի Վեռնոյ - 90» եւ «Ատոմ Էգոյան - 50»: Փառատոնի պատվավոր նախագահ, կանդահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի տարեդարձը կնշվի իր իսկ մասնակցությամբ: Նշվեց նաեւ, որ փառատոնը բացելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ֆիլմում նկարահանված դերասաններից ոմանք ներկա են լինելու փառատոնին: Կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքերով, ոչ միայն աշխարհի լավագույն ֆիլմերն են բերվում Հայաստան, այլեւ կինոյի ասպարեզում հաստատվում ու վերահաստատվում է հայկական կինոն: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի բոլորն սպասում հայկական այս կինոփառատոնին` ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: «Փառատոնը վաղուց դուրս է եկել Հայաստանի աշխարհագրական սահմաններից, մեծ հնչեղություն ունի արտերկրում: Մշակութային կյանքի համար չափանզանց կարեւոր իրադարձություն է»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play