Ի փառս հայրենյաց բոլոր պաշտպանների, ի փառս հայրենիքի ծաղկունքի
13-11-2021 13:58:42 | Հայաստան | Մշակույթ
Դժվարին այս ժամանակներում պատմական հայրենիքի պաշտպանի կողքին լինելու իրենց վեհ ձգտմանը հավատարիմ՝ օրերս Հայաստան են ժամանել ֆրանսահայ օպերային դիվա, սոպրանո Աննա Կասյանը և հանրահայտ օպերային երգիչ Ադամ Բարրոն: Ծնունդով թիֆլիսցի Աննա Կասյանը և գյումրեցի Ադամ Բարրոն մշտապես հետևում են հայրենիքում կատարվող իրադարձություններին և դառնում դրանց իրական մասնակիցը: Թեև նրանց գլխավոր զենքը երգարվեստն է, սակայն, որպես հայրենիքի խնդիրներով մտահոգ մտավորականներ, նրանք հայ ազգի կողքին են իրենց կարեկցանքով, օգտակար լինելու անսահման մեծ ձգտումով: «Հարկավոր է սատարել բոլորին անխտիր, քանի որ պատերազմի մասնակիցներն իսկապես արժանի են յուրաքանչյուրիս ուշադրությանը»,- համարում են երգիչները, հուսալով, որ իրենց օրինակը վարակիչ կդառնա շատերի համար:
Այս անգամ Աննա Կասյանին և Ադամ Բարրոյին Հայաստան է բերել մեկ այլ ուշագրավ նախաձեռնություն. նրանք ցանկանում են պատերազմի տարելիցի օրերին մայրաքաղաքի պատմական, գեղեցիկ և սիրելի վայրերից մեկում խաչքար-հուշաքար տեղադրել։
Սա սովորական խաչքար չէ, ինչպես համարում են Աննա Կասյանը և Ադամ Բարրոն. «Ցանկացանք խաչքար կանգնեցնել՝ ի պատիվ և ի փառս մեր բոլոր այն հայրենակիցների, որոնք պաշտպանել, պաշտպանում և կպաշտպանեն պատմական հող հայրենին: Այն խաչքար է ի փառս հայրենիքի համար նահատակված զինվորների, բժիշկների, կամավորների, ի փառս հայրենի հողի պաշտպանի և, վերջապես, ի փառս մեր ազգային ծաղկունքի:
Թող վեր խոյանա այս քարե հուշարձանն ու իր թրթռացող լռությամբ պատմի մեր բոլոր փառավոր հաղթանակների և, դժբախտաբար, նաև մեր ցավալի ու անդառնալի կորուստների պատմությունը։ Ուխտավայր թող լինի բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին՝ ամուսիններին, կանանց կամ երեխաներին, բոլոր պատերազմների ու ճակատամարտերի, իսկ վերջերս նաև Արցախի մեր Հերոս նահատակներին:
Քանի որ մեր նախնիները պատմությունը փայփայելով փոխանցել են մեզ, մենք ցանկանում ենք, որ աշխարհասփյուռ հայության ներկա և ապագա սերունդները, ինչպես նաև մեր ընկերները, հիշեն, հարգեն և երախտապարտ մնան մեր սուրբ հայրենիքի պաշտպաններին»:
Խաչքարի բացման արարողությունը Սրբազան Նավասարդ Կճոյանի օրհնությամբ տեղի կունենա նոյեմբերի 16-ին ժամը 14-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, իսկ նոյեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ժամը 19:00-ին «Ի փառս հայրենյաց բոլոր պաշտպանների, ի փառս հայրենիքի ծաղկունքի» խորագրով հրաժեշտի համերգով հանդես կգան Աննա Կասյանը և Ադամ Բարրոն: