Մեր դիրքորոշումը այն է, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա. ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այլ բան է, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հասցեագրումը»,- ասել է Միրզոյանը։
Գիտեմ, որ Միրզոյանին այս բառերի համար անարգանքի սյունին են գամելու, բայց ԱԳ նախարարը, այս դրվագում, սկզբունքորեն չի սխալվում։
Բաքվի 5 առաջարկությունները շատ գրագետ են ձևակերպված` միջազգային իրավունքի ու ընկալման տեսանկյունից։
Ըստ այդմ, Հայաստանի ԱԳ նախարարն այլ բան չէր էլ կարող ասել:
Այլ խնդիր է, որ, օրինակ, Ադրբեջանի "քաղաքական ինքնիշխանության" ճանաչման թեզը(Ադրբեջանի 5 պահանջներից մեկն է) ու Արցախի ինքնորոշման իրավունքը որոշակի "բախման" մեջ են, բայց նաև դաշտ են բացում Բաքու- Ստեփանակերտ երկխոսության համար։
Կարո՞ղ է հայկական դիվանագիտությունը Բաքու- Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտություն առաջացնել, թե՞ բոլոր հարցերի "փաթեթային" պատասխանները տալու է Հայաստան- Ադրբեջան ենթադրյալ խաղաղության պայմանագիրը։