Արմեն Հարությունյան. Ցանկալի է, որ Երեւանի ավագանու<br /> ընտրություններն իրապես արտացոլեն Երեւանի բնակիչների ցանկությունը<br />


 

Արմեն Հարությունյան. Ցանկալի է, որ Երեւանի ավագանու
ընտրություններն իրապես արտացոլեն Երեւանի բնակիչների ցանկությունը

  • 17-03-2009 18:15:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ցանկալի է, որ Երեւանի ավագանու ընտրություններն անցնեն թափանցիկ եւ իրապես արտացոլեն Երեւանի բնակիչների ցանկությունը,- լրագրողների հետ զրույցում, մարտի 17-ին այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա նշեց նաեւ, որ մարդկանց ընտրական իրավունքների խախտման դեպքում մարդու իրավունքների հաստատության արագ արձագանքման խումբը կզբաղվի դրանցով: Պաշտպանի խոսքերով, ներկայումս իրեն դիմել են Երեւանի Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, ովքեր մինչ օրս դատարանի հետ վեճ ունեն` փոխհատուցման խնդրի շուրջ, դրա համար էլ ընտրական ցուցակներում նրանց անունները տեղ չեն գտել: Մեկնաբանելով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների վիճակի մասին 2008թ.-ի զեկույցից դժգոհում են թե' իշխանության, եւ թե' ընդդիմության շրջանում, Պաշտպանը նկատեց. «Ուրեմն` շատ ճիշտ զեկույց է»: Նա նշեց, որ թե' իշխանությունները, թե' ընդդիմությունը անելիքներ ունեն, քանի որ քաղաքական համակարգի մաս են կազմում եւ յուրաքանչյուրն իր չափով պատասխանատու է հասարակության առջեւ: «Եթե երկրում մարդու իրավունքների խնդիր կա, դրա համար պատասխանատու է քաղաքական համակարգն ամբողջությամբ»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ երկու կողմի հայտարարություններից հասկացել է, որ կողմերը չեն կարդացել զեկույցը: Ըստ նրա, եթե ընդդիմությունը մեղադրում է, որ ինչ-որ հարցեր զեկույցում չեն ներկայացվել, ապա Պաշտպանը պատրաստ է էջերով դրանք ներկայացնել: Մյուս կողմից, Ա.Հարությունյանի խոսքերով, իշխանությունն էլ ընդհանուր ֆրազներ է ասում, սակայն չի անդրադառնում զեկույցում նշված այս կամ այն երեւույթին:
Նոյյան տապան  -   Իրավունք