Կրթությունը հիմնարար իրավունք է բոլոր երեխաների համար․ աջակցենք հայալեզու անվճար նյութերի հասանելիությանը


Կրթությունը հիմնարար իրավունք է բոլոր երեխաների համար․ աջակցենք հայալեզու անվճար նյութերի հասանելիությանը

  • 10-12-2022 11:06:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Այբ» կրթական հիմնադրամը և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը մեկնարկում են հանրային դրամահավաք reArmenia հարթակում՝ մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ կրթության իրավունքի ապահովման համար։
 
Նախատեսված է չորս ամիսների ընթացքում հավաքել 5 873 148 ՀՀ դրամ՝ «Քան» ակադեմիայի համաշխարհային կրթական որակյալ բովանդակության ևս մի մաս՝ 100 տեսադաս և 100 000 բառ վարժություն ու հոդված, հայերենով տեղայնացնելու և Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի երեխաների համար անվճար հասանելի դարձնելու նպատակով։
 
«Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակը լուծում է երեխաների կրթության իրավունքը խախտող մի շարք խնդիրներ՝ հայալեզու որակյալ կրթական առցանց նյութերի բացակայություն կամ անհասանելիություն, մարզերում ուսուցիչների պակաս, կրկնուսույցներին դիմելու անհրաժեշտություն, արտակարգ իրավիճակներում կրթական գործընթացի խափանում։
 
Հարթակն օժանդակ գործիք է նաև ուսուցիչների համար՝ կիրառելու հիբրիդային ուսուցման արդի մեթոդներն ու փորձը։
 
Վերջին տարիների արտակարգ իրավիճակները ՀՀ-ում և Արցախում (համավարակ և պատերազմներ) ցույց տվեցին, որ անորոշ ժամանակով խախտվում է տեղահանվող ու բարդ հոգեբանական փուլերով անցնող հազարավոր երեխաների բնականոն առօրյան։ Ուստի խախտվում է նաև նրանց կրթական գործընթացը, որը կամ ընդհատվում է, կամ թերի է իրականացվում։ Իսկ «Քան» ակադեմիայի շնորհիվ երեխաները կարող են սովորել ամենուրեք, անվճար և իրենց հարմար ռիթմով։
 
Այս նպատակին աջակցելու և նվիրատվություն կատարելու համար այցելե’ք արշավի էջը reArmenia հարթակում։
 
«Քան» ակադեմիայի մասին
 
«Քան» ակադեմիայի հարթակից օգտվում են ամբողջ աշխարհում՝ 190 երկրների ավելի քան 140 միլիոն մարդ։ Ավելի քան 36 երկիր էլ տեղայնացնում է «Քան» ակադեմիայի բովանդակությունը, և Հայաստանն այդ երկրներից մեկն է։ Շուրջ 5 տարի է՝ «Այբ» հիմնադրամը տեղայնացնում է այս միջազգային առաջատար կրթական հարթակի նյութերը՝ դրանք ավելի հասանելի դարձնելով հայ ուսուցիչների և աշակերտների համար։
 
Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի դպրոցների ավելի քան 45 000 աշակերտ, 7000 ուսուցիչ և 4000 ծնող օգտվում են այս հարթակից։ «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի թիմը հայերենով արդեն տեղայնացրել է շուրջ 3000 տեսանյութ և 35 000 վարժություն ու հոդված։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն