Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ է ուզում Ադրբեջանը


Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ է ուզում Ադրբեջանը

  • 10-01-2023 15:24:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ադրբեջանն այլ բան է ուզում. այս համատեքստում կանեմ մի շարք հայտարարություններ, որոնք սուր կլինեն»:
 
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե այս փուլում, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարում իրենց պարտավորությունները Լաչինի միջանցքի մասով, որպես պետության ղեկավար ունի՞ իր տեսլականը, պատկերացնումը, թե ինչպե՞ս է հարցը լուծվելու:
 
«Օրինակ՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Կա տեսակետ, որ Ադրբեջանը ուզում է վերացնել հայկական պետությունը:
 
Նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետև տեսնում եք, թե ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը, մասնավորապես՝ ինչ-որ կազմակերպություններ, նախաձեռնություններ, «պատմական փաստեր» և այդպես շարունակ: Ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես վարվում: Կան մարդիկ, փորձագետներ, որոնք հետևյալն են ասում, որ Ադրբեջանը այդպես է վարվում, որովհետև մտածում է, որ Հայաստանի Հանրապետությունը կամ հայերը իրենց հերթին ուզում են վերացնել Ադրբեջանական պետությունը: Նույն փորձագետներն ասում են, որ Ադրբեջանն էլ իր համար ունի հիմնավորումներ այդ համատեքստը զարգացնելու համար»,- ասաց ՀՀ վարչապետն ու հավելեց. «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար, այդ թվում՝ կրթական համակարգով, ատելության խոսք է զարգացնում: Երբ ուզում ենք հասկանալ, թե ինչո՞ւ են այդպես վարվում: Այդ նույն փորձագետներն ասում են, որ նրանք էլ մեր գործողություններում և պատմության մեջ են տեսնում որոշակի այդպիսի դրսևորումներ»:
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե խնդիր է դրվում կարգավորել հարաբերությունները և խաղաղություն հաստատել, դա կարող է տեղի ունենալ մի քանի հենքերի վրա, մասնավորապես՝ փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:
 
«Երբ հարց է հնչում, թե արդյոք Հայաստանը և Ադրբեջանը ճանաչո՞ւմ են միմյանց տարածքային ամբողջականությունը, առաջին պատասխանը՝ «այո»-ն է: Հաջորդ պահին փորձագիտական և այլ մակարդակներում հնչում է երկրորդ հարցը՝ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ ասելով Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, և, հակառակը, ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ ասելով Հայաստանի տարածքային ամբողջականություն: Այս հարցի պատասխաններից է կախված ընդհանրապես ապագան»,- նշեց ՀՀ վարչապետը: 
 
Վերջինս, անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, նշեց՝ հիմա թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը հղում են անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և մասնավորապես 6-րդ կետին, որը վերաբերում է Լաչինի միջանցքի անվտանգությանը. «Իսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին այդ մարդկանց մի մասը այդ փաստաթուղթը համարում էր բացարձակապես մեր շահերին չհամապատասխանող, դավաճանություն, թեև մենք էլ ենք ասել, որ դա մեր երազանքի փաստաթուղթը չէր»:
 
Խոսելով հարցի լուծման տեսլականի մասին՝ Կառավարության ղեկավարը նշեց՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն:
 
«Մենք այս հարցին այլ տեսակետից էլ պետք է նայենք: Սա նաև մեծ հաշվով սադրանք է, որը ունի երկու նպատակ, առաջինը՝ կոտրել ԼՂ մեր հայրենակցների կամքը ապրել սեփական տանը, սեփական հայրենիքում և, երկրորդը, Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ: Այս հարցին պետք է հետևողական և մտածված քայլերով արձագանքենք: Առաջինը՝ այն միջազգային արձագանքը, որ կա, պետք է փորձենք կապիտալիզացնել հենց Լեռնային Ղարաբաղում, հենց Լաչինի միջանցքում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանը մեջբերեց իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ արված հայտարարությունը. «Եթե պարզվի, որ ՌԴ-ն իր ստանձնած պարտավորությունները չի կարողանում կատարել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես անվտանգության մշտական անդամ՝ պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կա՛մ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կա՛մ Լեռնային Ղարաբաղ նոր՝ բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու պահանջով, որը կապահովի արդեն իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը: Սա է մեր ճանապարհը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը