Մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց
01-03-2023 11:31:07 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց, որում ներկայացված են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները։ Այն անդրադառնում է ադրբեջանական անօրինական վարքագծի հետևանքով Արցախի երեխաների համար ստեղծված առողջական, հոգեբանական, սոցիալական խնդիրներին։
79 օր շարունակվող շրջափակման և դրան զուգահեռ կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման դիտավորյալ խափանումների հետևանքով Արցախի 30 000 երեխաներն անցնում են զրկանքների միջով, որը խաթարում է նրանց՝ անվտանգ ու ապահով միջավայրում ապրելու և զարգանալու հնարավորությունը։
Առկա իրավիճակը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել երեխաների՝ բավարար կենսամակարդակի ապահովման, պատշաճ սնվելու, ազատ տեղաշարժի, կրթության, ընտանիքներում ապրելու իրավունքների և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար։
Զեկույցն ուղարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին։ Երեխայի լավագույն շահի հետ անհամատեղելի այս իրավիճակը պահանջում է այդ կառույցների առաջնահերթ ուշադրությունն ու անհապաղ ներգրավվածությունը։