Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին


Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին

  • 09-06-2023 14:21:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, սակայն կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։
 
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները։
 
Նրա խոսքով` Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։
 
«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Սկզբունքային պահն այն է, թե աշխարհագրորեն որ մասով է անցնելու երկաթգիծը։ Մենք դա հնչեցրել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը», - ասաց Օվերչուկը։
 
Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։ Նա ընդգծեց` ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնում, բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ գործարկվեն աշխատանքները:
 
Ճշտող հարցին, թե արդյոք քննարկվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը` վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանեց` դա կախված է Հայաստանի Հանրապետությունից:
 
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
 
Հանդիպումից հետո կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը