Օգոստոսի 20-ից միջին մասնագիտական կրթություն ունեցող 1300 ուսուցիչներն այլևս չեն աշխատի դպրոցում. ԿԳՄՍ նախարար


Օգոստոսի 20-ից միջին մասնագիտական կրթություն ունեցող 1300 ուսուցիչներն այլևս չեն աշխատի դպրոցում. ԿԳՄՍ նախարար

  • 26-06-2023 12:41:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որ վերջիններս ունենան պարտադիր բարձրագույն կրթություն, և տվել է որոշակի ժամանակ դպրոցներում գործող ուսուցիչներին այն պարագայում, եթե վերջիններս չունեին բարձրագույն կրթություն, սովորել և ձեռք բերել բարձրագույն կրթական աստիճան:
 
Այդ մասին Կառավարության առաջարկով ԱԺ-ում գումարված արտահերթ նստաշրջանի ժամանակ «ՀՀանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պարզաբանելով, թե ինչով է  պայմանավորված նախագծի ընդունման հրատապությունը:
 
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից մի փոքր ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, շարունակում են աշխատել դպրոցներում: Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում՝ այս տարվա օգոստոսի 20-ից սկսած:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ուսուցիչների պարագայում գործել են տարբեր, այդ թվում՝ օբյեկտիվ հանգամանքներ բարձրագույն կրթություն չստանալու տեսանկյունից, առաջարկվում է, որպեսզի նրանց ընձեռենք հնարավորություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին, և եթե կամավոր ատեստավորման գործընթացն այս ուսուցիչներն անցնեն հաջողությամբ, այսինքն՝ հավաքեն 60 տոկոս և ավելին, ապա նրանց տրվի հնարավորություն՝ շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը: Եվ ինչպես նշեցի` այս ժամկետն արդեն մոտենում է, հետևաբար օրենսդրական կարգավորման հրատապության խնդիր ունեինք, որպեսզի կարողանայինք հավելյալ հնարավորություն ընձեռել ուսուցիչներին»,- ասաց նախարարը:
 
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ուսուցիչների ատեստավորման գործընթացը շարունակվում է: Հաջորդ փուլը աշնանն է լինելու:
 
Նախագծով առաջարկվում է նաև ուսուցիչների թափուր տեղերը համալրելու մեխանիզմ, այն է՝ ուսուցիչների գործուղման հնարավորությունը մարզային ուսհաստատություններ:
 
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախագծի շրջանակում մանկավարժի որակավորում ստանալու ծրագրում սովորող ուսանողներին ևս կրթության վերջին տարում հնարավորություն կտրվի դասավանդել գյուղական դպրոցներում մենթոր-ուսուցչի ուղեկցությամբ:
 
Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play