ԵՄ պահեստներում պահվող սուրճը և կակաոն ոչնչացման վտանգի տակ են՝ նոր օրենքի պատճառով


ԵՄ պահեստներում պահվող սուրճը և կակաոն ոչնչացման վտանգի տակ են՝ նոր օրենքի պատճառով

  • 27-11-2023 14:56:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Եվրամիության պահեստներում պահվող հարյուր հազարավոր տոննա սուրճը և կակաոն կարող են ոչնչացվել հունիսին ուժի մեջ մտած ԵՄ օրենքի համաձայն, որն արգելում է անտառահատվող շրջաններում աճեցված ապրանքների վաճառքը ԵՄ-ի ներսում:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։
 
Օրենքն արգելում է անտառահատվող հատվածներում աճեցված ոչ միայն սուրճի և կակաոյի, այլև արմավենու յուղի և ռետինի վաճառքը ԵՄ-ի սահմաններում։
 
Intercontinental Exchange-ը, որը սուրճի և կակաոյի ֆյուչերսների հիմնական առևտրային հարթակներից մեկն է, ինչպես նաև Միջազգային առևտրի կենտրոնը նախազգուշացրել են, որ անցումային ժամանակաշրջանում (մինչև 2024 թ․ դեկտեմբերը) անտառահատվող հատվածներում արտադրված և ԵՄ-ում պահվող սուրճը և կակաոն պետք է վաճառվեն ԵՄ-ի տարածքից դուրս կամ պետք է ոչնչացվեն։
 
Intercontinental Exchange-ը մտավախություն ունի, որ պահեստավորված ապրանքների հետ կապված խառնաշփոթը «բացասաբար կազդի ապրանքների անխոչընդոտ առևտրի և ռիսկերի պատասխանատու և արդյունավետ կառավարման վրա»: Փորձագետներն ասում են, որ դա կարող է հանգեցնել խափանումների, որոնք կազդեն «մատակարարման ողջ շղթայի վրա՝ ֆերմերից մինչև սպառող»:
 
Եվրոպայի պահեստներում կա մոտ 200 հազար տոննա կակաո և 150 հազար տոննա սուրճ։
 
FT-ի տվյալներով՝ կակաոյի մոտ 70%-ը գալիս է Կոտ դ’Իվուարից և Գանայից, որտեղ շատ տարածված են անտառահատումները և երեխայի աշխատանքը։ Սուրճի խոշորագույն արտադրողներն են Բրազիլիան, Վիետնամը, Կոլումբիան և Ինդոնեզիան:
 
Կանոնակարգը պահանջում է, որ ներմուծողները տրամադրեն իրենց ապրանքների տեղորոշումը, որպեսզի ապացուցեն, որ դրանք չեն ծագում անտառահատումից տուժած շրջաններից։
 
Եվրոպական կակաոյի ասոցիացիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ եթե Եվրահանձնաժողովը և անդամ երկրները շուտով չհստակեցնեն անցումային ժամանակաշրջանի ընթացքում արտադրված կակաոյի հատիկների կարգավիճակը, ապա «կա մեծ հնարավորություն, որ դա կազդի կակաո աճեցնողների, ԵՄ սպառողների և ոլորտի վրա»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը