Հայաստանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036-ը երկարաձգելու համար․ Միրզոյանը՝ Գրոսիին


Հայաստանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036-ը երկարաձգելու համար․ Միրզոյանը՝ Գրոսիին

  • 21-05-2024 10:54:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ, քննարկել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործման հարցեր՝ ԱԷՄԳ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան:
 
Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։
 
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը:
 
Միրզոյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես, ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:
 
Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում է, թե հայկական ատոմակայանը վտանգ է ստեղծում տարածաշրջանի համար։ 2023-ի հոկտեմբերին էլ պարզվեց, որ Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովն էր քաղաքացիներից խնդրագիր ստացել՝ միջոցներ ձեռնարկել փակելու սահմանից 16 կիլոմետր հեռավորությամբ Մեծամորի ատոմակայանը։ Դիմումի հեղինակները մտահոգություն էին հնչեցրել, որ շահագործման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ատոմակայանը կարող է վտանգավոր լինել։
 
Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, ապա շեշտեց՝ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միջուկային անվտանգության ապահովման հարցում՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը