Իրանը չեզոքացրել է երկիր ներթափանցել փորձող ահաբեկչական խմբին


Իրանը չեզոքացրել է երկիր ներթափանցել փորձող ահաբեկչական խմբին

  • 20-09-2024 15:48:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Քոմալա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատար Ռեբվար Քարիմիանին, երբ նա մի խումբ ահաբեկիչների հետ փորձում էր ապօրինի կերպով ներթափանցել Իրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ահաբեկիչների միջև բախումներ են տեղի ունեցել. մի շարք ահաբեկիչներ զոհվել և վիրավորվել են, նրանց մոտ առկա սարքավորումներն առգրավվել են։ Ահաբեկիչները փորձել են Իրան մտնել հյուսիս-արևմտյան Քուրդիստանի նահանգի կողմից, որը սահմանակցում է Իրաքին։ Իր հերթին Tasnim գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ օրեր առաջ Իրաքում տեղակայված ահաբեկիչները սկսել են նահանջել Իրանի հետ սահմանամերձ շրջաններից։

Այդ գործընթացը սկսվել է իրանական կառավարության խնդրանքով, Բաղդադի կենտրոնական կառավարության, Իրանի անվտանգության և քաղաքական գերատեսչությունների հետ համագործակցությամբ։Աղբյուրները նշել են, որ հակաիրանական քրդական խմբավորումները զինաթափվել են և սահմանին գտնվող ռազմակայաններից տարհանվել ու տեղափոխվել են դեպի Իրաքյան Քուրդիստանի խորքերը։ 2023 թ. մարտին Իրանը և Իրաքը Բաղդադում ստորագրել են անվտանգության շուրջ համաձայնագիր, որը ենթադրում է նաև համակարգում երկու երկրների ընդհանուր սահմանը պաշտպանելու գործում։ 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը