Վաշինգտոնում այսօր կստորագրվի ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը․ ՀՀ ԱԳՆ


Վաշինգտոնում այսօր կստորագրվի ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը․ ՀՀ ԱԳՆ

  • 14-01-2025 12:03:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
 
Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։
 
Հայկական կողմը նախօրեին հաղորդեց, որ հունվարի 14-ից 15-ը Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
 
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում փաստաթուղթ են ստորագրելու՝ նշելով, թե համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
 
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ հունվարի 8-ին, չէր հերքել տեղեկությունը, սակայն փակագծեր էլ չէր բացել, միայն նշել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:
 
Վաշինգտոնից արձագանքել էին՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունեն»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը