Հայաստանը պետք է անվտանգության համակարգային երաշխիքներ ունենա


 

Հայաստանը պետք է անվտանգության համակարգային երաշխիքներ ունենա

  • 19-03-2026 15:35:40   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Էր-Ռիադում ավարտվել է Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Կատարի, Սիրիայի, Թուրքիայի, Արաբական միացյալ էմիրությունների և Պակիստանի արտաքին գործերի նախարարների խորհրդատվական հանդիպումը, որի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը դատապարտում է տարածաշրջանի երկրների դեմ Իրանի դրոնային և հրթիռային հարձակումները:
 
Նախարարներն ընդգծել են, որ «նման գործողությունները ոչ մի հանգամանքում արդարացման ենթակա» չեն և Իրանին կոչ են արել «հարգել միջազգային իրավունքը և անհապաղ դադարեցնել հարձակումները»: Այդ հանդիպումը և ընդունված փաստաթուղթը կարելի է անվերապահորեն համարել ամերիկա-իսրայելական դիվանագիտության լուրջ հաղթանակը, քանի որ հայտարարության տեքստում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Իրանը ենթարկվել է հարձակման:
 
Էր-Ռիադում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը առանձին հանդիպումներ է ունեցել թուրք և պակիստանցի պաշտոնակից Ֆիդանի և Դարի հետ: Ավելի վաղ նկատել ենք տվել, որ Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը «նախապատրաստվում են Իրանի մասնատմանը»: Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերի հենակայանի գրոհը վկայում է, որ Ադրբեջանը շատ որոշակիորեն հաղթահարել է Իրանի դեմ հարձակումներին որեւէ կերպ մասնակցություն ունենալու «նախապաշարմունքը»:
 
Այս ֆոնին աչքի է զարնում իրողությունը, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման մեկնարկից ի վեր Հայաստանի վարչապետը Անվտանգության խորհրդի առնվազն երեք նիստ է հրավիրել: Անկասկած, Երևանը Իրանում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները քննարկում է ամենօրյա ռեժիմով: Իրավիճակն, իրոք, «սահմանային» է, եթե իրանական վերնախավը ներքին համաձայնությամբ չընդունի պատերազմի դադարեցման ամերիկյան նախապայմանները, ապա Իսլամական հանրապետությունը կկանգնի փլուզման և տարածքային մասնատման իրական սպառնալիքի առաջ:
 
Պետք է արձանագրել, որ ամերիկա-իսրայելական հարձակման դեմ Իրանը բացարձակապես միայնակ է, նրան առարկայական աջակցություն չեն ցուցաբերում նույնիսկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և Չինաստանը: Ավելի քան երկշաբաթյա թիրախային հարվածները փլուզում են ոչ միայն Իրանի անվտանգային ներքին համակարգը, այլև այն «առանցքը», որ Իսլամական հանրապետությունը տասնամյակներ ի վեր կառուցել է տարածաշրջանում և գլոբալ հարթությունում:
 
Այս դեպքում բավարար չէ, նույնիսկ վտանգավոր է ընկալումը, թե «Ռուսաստանը դավաճանեց հերթական դաշնակցին» կամ Չինաստանը «գերադասեց մեկուսի մնալ»: Իրականությունը պետք է գնահատել սթափ, եթե Մոսկվան և Պեկինը Թեհրանը փրկելու միջոց ունենային, ապա, անկասկած, գործի կդնեին: Այս համատեքստում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային ծրագիրը, եթե իրականում դա այն է, ինչ հրապարակայնացվել է, պարզապես անախրոնիզմ է: Հայաստանը պետք է անվտանգության համակարգային երաշխիքներ ունենա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը