Ինչո՞ւ ԱՄՆ-ը ուզում է Սիրիային հանձնել Հըզբոլլահի թղթածրարը․ Շահան Գանտահարյան
22-06-2026 20:59:00 | Լիբանան | Մեկնաբանություն
Ինչո՞ւ ԱՄՆ-ը ուզում է Սիրիային հանձնել Հըզբոլլահի թղթածրարը․«Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
-Միացյալ Նահանգների նախագահը կրկին խոսել է Հըզբոլլահի հարցը Սիրիային փոխանցելու մասին։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։
-Վերջին հայտարարության մեջ նա նշել է, որ հիասթափված է Իսրայելից, քանի որ, իր գնահատմամբ, Իսրայելը չի կարող որևէ արդյունքի հասնել առանց Լիբանանում ավերածություններ իրականացնելու։ Միաժամանակ նա խոսել է Հըզբոլլահի հարցը Սիրիային փոխանցելու և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարային ավելի մեծ դեր տալու մասին։ Այս հայտարարությունը մի շարք քաղաքական ուղերձներ է պարունակում։
-Նախ անդրադառնանք Իսրայելի նկատմամբ հնչեցված հիասթափությանը։ Ինչպե՞ս պետք է այն հասկանալ։
- Եթե դիտարկենք նախորդ հայտարարությունները, ակնարկներն ու սպառնալիքները, ապա ակնհայտ է, որ խոսքը միայն Լիբանանում շենքերի ավերման մասին չէ։ Հիասթափությունն ավելի լայն բնույթ ունի։ Այն կապված է այն իրողության հետ, որ նույնիսկ ԱՄՆ–Իրան հարաբերություններում առկա, թեկուզ փխրուն հրադադարի պայմաններում, Իսրայելը շարունակել և նույնիսկ ուժեղացրել է իր ռազմական գործողությունները Լիբանանի ուղղությամբ։
- Այսինքն՝ Վաշինգտոնը դժգո՞հ է Իսրայելի գործողություններից։
- Առնվազն տվյալ հայտարարությունից այդպիսի տպավորություն է ստեղծվում։ Ըստ այդ մոտեցման՝ Հըզբոլլահի չեզոքացումը և Լիբանանի լայնածավալ ավերումը նույնական չեն։ ԱՄՆ-ը կարծես փորձում է տարանջատել այս երկու երևույթները՝ ակնարկելով, որ Իսրայելի գործողությունները չափազանց մեծ վնաս են հասցնում Լիբանանին։
-Այդ դեպքում ի՞նչ կարելի է հասկանալ Հըզբոլլահի հարցը Սիրիային փոխանցելու գաղափարից։
-Դա ենթադրում է, որ Հըզբոլլահի խնդրի լուծման այլ տարբերակ է փնտրվում։ Եթե Իսրայելին չի հաջողվել հասնել իր նպատակին ռազմական գործողությունների միջոցով, ապա Սիրիայից ակնկալվում է ներգրավվել այնպիսի գործընթացում, որը կուղղվի Հըզբոլլահին, բայց չի հանգեցնի Լիբանանի ենթակառուցվածքների և բնակավայրերի ավերմանը։
-Ի՞նչ ուղերձ է հասցեագրված Իսրայելին։
- Գլխավոր ուղերձն այն է, որ Իսրայելին հնարավորություն է տրվում ընտրել քաղաքական ճանապարհը։ Այսինքն՝ համաձայնել հրադադարին, սկսել բանակցություններ և դադարեցնել ռազմական գործողությունները։ Հակառակ դեպքում կարող են գործի դրվել այլ տարածաշրջանային դերակատարներ, և Իսրայելի ազդեցությունը որոշ գործընթացների վրա կարող է սահմանափակվել։
- Իսկ ինչո՞ւ է Սիրիայի դերակատարումն այսքան կարևոր դիտարկվում։
- Որովհետև ներկայիս Սիրիան, հատկապես ռազմական ոլորտում, զգալիորեն կախված է Թուրքիայից։ Հետևաբար, Սիրիային վերապահվող դերակատարումը փաստացի կարող է նշանակել նաև Թուրքիայի դերակատարության մեծացում։ Թեև պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ չի ցանկանում ստանձնել նման պատասխանատվություն կամ զորքեր տեղակայել Լիբանանում, դա դեռ չի նշանակում, որ Անկարան չի կարող ներգրավվել հարցի կարգավորման գործընթացում։
- Այս համատեքստում ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել Թուրքիան։
-Թուրքիան վերջին տարիներին փորձում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում։ Նախագահ Էրդողանը բազմիցս ընդգծել է, որ Թուրքիայի անվտանգության հաշվարկներում կարևոր տեղ են զբաղեցնում Գազան, Սիրիան և Լիբանանը։ Եթե Անկարային առաջարկվում է դեր ստանձնել Հըզբոլլահի հարցում, ապա դա կարող է դառնալ նրա տարածաշրջանային ազդեցության ընդլայնման ևս մեկ հնարավորություն։
-Այս ամենը ինչպե՞ս է անդրադառնում Իսրայել–Թուրքիա հարաբերությունների վրա։
-Եթե Վաշինգտոնը իսկապես փորձում է առանցքային հարցերից մեկը փոխանցել Թուրքիայի մասնակցությամբ ձևաչափի, ապա դա անխուսափելիորեն սրում է Իսրայել–Թուրքիա մրցակցությունը։ Միաժամանակ ակտիվանում են տարածաշրջանային հակակշիռների ձևավորման գործընթացները։
- Ո՞րն է այս հայտարարությունների հիմնական քաղաքական ուղերձը։
- Հիմնական ուղերձն այն է, որ Իսրայելը պետք է ընտրի հրադադարի և բանակցությունների ճանապարհը։ Հակառակ դեպքում տարածաշրջանային կարևոր հարցերի կարգավորման գործում կարող է մեծանալ Թուրքիայի դերը, այդ թվում՝ Իրանի հետ առնչվող ռազմավարական նշանակության խնդիրներում, ինչը կարող է տեղի ունենալ Իսրայելի շահերի հաշվին։