«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. երկու տարիքային խմբերում հայտնի են եզրափակչի մասնակիցները
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. երկու տարիքային խմբերում հայտնի են եզրափակչի մասնակիցները

17-04-2026 18:33 Հայաստան Սպորտ
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. երկու տարիքային խմբերում հայտնի են եզրափակչի մասնակիցները
 
ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը մոտենում են եզրագծին: Այսօր անցկացված խաղերի արդյունքներով երկու տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակչի և երրորդ տեղի համար խաղերի մասնակիցները: 
 
Սպորտի կառավարման կենտրոնում անցկացված հանդիպումներին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
 
Առաջին տարիքային խմբում՝ 5-6-րդ դասարանների պայքարում, Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոցի թիմն այսօր մրցել է Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմի հետ և 36:29 հաշվով հաղթանակ տարել: Եզրափակչում նրանք կմրցեն Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի թիմի հետ, որն այսօր 50:34 հաշվով առավելության է հասել Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմի նկատմամբ:
 
Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցների թիմերը կխաղան երրորդ տեղի համար:
 
«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 1-ին տարիքային խումբ
 
Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոց՝ 29:36
Կապանի թիվ 13 հիմնական դպրոց - Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց՝ 34:50
7-9-րդ դասարանների պայքարում Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմն այսօր մրցել է Արարատի թիվ 4 հիմնական դպրոցի թիմի հետ և 51:23 հաշվով հաղթանակ տարել: Եզրափակչում Շիրակի մարզը ներկայացնող դպրոցականներն ուժերը կչափեն Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի թիմի հետ: Վերջիններս այսօր ուժեղ են գտնվել Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմից՝ առավելության հասնելով 59:18 հաշվով:
 
«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 2-րդ տարիքային խումբ
 
Արարատի թիվ 4 հիմնական դպրոց - Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց՝ 23:51
Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց - Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց՝ 18:59
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից մասնակցել են մարզային փուլում երկու տարիքային խմբերում առաջին տեղեր գրաված թիմերը:
 
Մրցաշարն անցկացվել է 3 փուլով՝ երկու տարիքային խմբերով`
 
1-ին տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 5-6-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ,
2-րդ տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 7-9-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը:
 
2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր մասնակցել 559 դպրոցից:
 
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
 
Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
 
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:
 
Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 18-ին Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:
 
Ապրիլի 18-ի խաղացանկը՝
 
Ժամը՝ 11:00 - Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Կապանի թիվ 13 հիմնական դպրոց / 5-6-րդ դասարաններ, երրորդ տեղի համար
 
Ժամը՝ 13:00 - Արարատի թիվ 4 հիմնական դպրոց – Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց / 7-9-րդ դասարաններ, երրորդ տեղի համար
 
Ժամը՝ 15:00 – Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոց - Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց / 5-6-րդ դասարաններ, եզրափակիչ
 
Ժամը՝ 17:00 - Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց - Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց / 7-9-րդ դասարաններ, եզրափակիչ:
 
ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան   |   Սպորտ

 

 

Կարդացել են 283 անգամ