Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»


 

Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»

  • 12-06-2026 19:15:08   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ «խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքները համարյա ավարտվել» են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «փոխըմբռնման հուշագիրը պատրաստ է ստորագրման»։ Նրա ներկայացմամբ, ստորագրման արարողությունը կարող է տեղի ունենալ առաջիկա կիրակի՝ Եվրոպայում։ ԱՄՆ կողմից այն, ամենայն հավանականությամբ, կստորագրի փոխնախագահ Վենսը։
 
Կողմերից ոչ մեկը «փոխըմբռնման հուշագրի» մանրամասնությունները չի բացահայտել։ Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը «պարտավորվել է երբեք միջուկային զենք չունենալ»։ Թե ինչպես է լուծվելու Իրանի հարստացված ուրանի պաշարների հարցը, որևէ հստակություն առայժմ հայտնի չէ։
 
Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահը թվարկել է այն երկրներին, որ նպաստել են Իրանի հետ «համաձայնությանը»։ Այդ շարքում Ռուսաստանը և Չինաստանը բացակայում են, ինչից հետևում է, որ իրանա-ամերիկյան կարգավորմանը Մոսկվան և Պեկինը չեն ներգրավվել։
 
Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաև «Բիբիի»՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, հետ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը այդ առթիվ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Նաթանյահուն ԱՄՆ նախագահին «երախտագիտություն է հայտնել, որ Իրանը չի ունենա միջուկային զենք, կսահմանափակի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցությունը»։
 
Իրանա-ամերիկյան «փոխըմբռնման հուշագիրը» Թեհրանի համար նման պարտավորություններ իրոք նախատեսո՞ւմ է, թե՞ Իսրայելի վարչապետը այդ հաղորդագրությունը տարածել է, որպեսզի ներքին ճնշումներից ապահովագրվի, դժվար է կողմնորոշվել։
 
Առհասարակ որևէ վստահություն, որ Իրանը և Միացյալ Նահանգները կիրակի օրը կամ մոտ ապագայում պատերազմին վերջ տալու մասին փաստաթուղթ կստորագրեն, ոչ ոք չունի։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Միացյալ Նահանգներին քննադատել է «անսկզբունքայնության» համար և ասել, որ փաստաթղթի համաձայնեցումը հետաձգվել է այդ պատճառով։
 
Գլխավոր խոչընդոտը, որ կարող է ծագել, Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդի համաձայնության հետ կապված հարցն է։ Չնայած տարածված տեղեկությանը, որ Մոջթաբա Խամենեին «արտոնել է համաձայնագրի ստորագրումը», դեռևս պաշտոնական հայտարարություն այդ մասին չի տարածվել։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը