Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին


 

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

  • 20-06-2026 16:00:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և այլ պատասխանատուներ:
 
Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվել է, որ պուրակը կառուցվում է շուրջ 50 հա տարածքում: Արդեն կառուցվել են ճեմուղին և հեծանվուղին, վերանորոգվում են կասկադային աստիճանահարթակները: Ճեմուղիների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 30 հզ քմ: Ճեմուղիներին կից կառուցվում են հեծանվուղիներ՝ մոտ 3.5 կմ ընդհանուր երկարությամբ: Նախատեսվում է տնկել մոտ 16 հզ ծառ և թուփ, կառուցել արհեստական լճակ: Անցկացվում է 20 կմ ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: Արդիականացվում է նաև արտաքին լուսավորությունը: Բոլոր ճեմուղիներում մոնտաժվել է լուսավորության նորցանց՝ 350 պուրակային հենասյուն:
 
Իրականացվող աշխատանքների շրջանկում հիմնանորոգվել է նաև Ծարավ Աղբյուր փողոցին հարող մոտ 900 մետր մայթը: Գլխավոր մուտքի մոտ նախատեսված է ավտոկայանատեղի՝ նախատեսված 280 մեքենայի համար: Նաև նախատեսված է փոքր ավտոկայանատեղի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Վերանորոգվում է նախկին գլխավոր մուտքը: «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 5 մլրդ 26 մլն դրամ:
 
Շրջայցի ընթացքում արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներ: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին և կատարել անհրաժեշտ շտկումներ, այդ թվում՝ նախագծում, և այն առաջիկայում ներկայացնել քննարկման:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն