Իմ թեկնածության դեմ հակափաստարկ չունեք, ունեք վախ․ 5 տարի ինձնից փախած եք ման եկել. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
04-08-2026 16:33 Հայաստան Քաղաքականություն
armtimes.com «Այս երկու օրերի քննարկումները վերահաստատեցին համոզմունքս, որ մեր ընդդիմադիր գործընկերները իմ թեկնածության հետ կապված հակափաստարկ չունեն։ Ամեն ինչ ինձ հետ փոխկապակցված անձանց շուրջ, բայց ոչինչ իմ գործունեության վերաբերյալ։
«Հայաստան» դաշինքի իմ գործընկերները վախ ունեն, որ ես այստեղից բարձրանամ այնտեղ (ցույց է տալիս ելույթի և ԱԺ նախագահի տեղակալի ամբիոնները - խմբ.): Ուզում եմ հանգստացնել, եթե ընտրվեմ, խոստանում եմ հաճելի ժամանց նիստերի դահլիճում։ Ինչի՞ վախ ունեք ինձանից. որովհետև 5 տարի ինձանից փախած եք ման եկել»:
Այս մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի նիստին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ իրեն առնչվող քննադատություններին:
Կոնջորյանը ընդգծեց, որ երբ մոտեցել է ամբիոնին ելույթ ունենալու, ընդդիմադիրները հեռացել են դահլիճից՝ ամենատարբեր պատճառաբանություններով։
Անդրադառնալով իր կնոջ՝ «ՀայՓոստ» ընկերությունում աշխատելու արդյունավետության մասին վկայող ցուցանիշներին՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Ըստ հրապարակված տեղակատվության՝ իմ կնոջ կառավարման ժամանակաշրջանում «ՀայՓոստը» պետությանը վճարել է 1 մլրդ դրամի դիվիդենտ: Ըստ հրապարակած տվյալների՝ 2024-2025 թվականներին «ՀայՓոստի» ֆինանսական արդյունքը բարելավվել է 900 մլն դրամով:
Երբ խոսում եք «Հայփոստի» կառավարման արդյունավետության մասին, այս երկու թիվը՝ 1 մլրդ դրամը և 900 մլն դրամը՝ գրեթե 1 մլրդ դրամի ֆինանսական ցուցանիշների բարելավումը, դա Կոնջորյանի կնոջ աշխատանքի արդյունավետությունն է»: