ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

21-09-2026 15:29 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը Գյումրիում նշվեց մեկ օր շուտ՝ սեպտեմբերի 20-ին՝ երաժշտական, մշակութային և տոնական միջոցառումներով։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Գյումրիի Թատերական հրապարակում մեկնարկեցին Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ։

Յուրաքանչյուր համայնք իր տաղավարում ներկայացրեց իրեն բնորոշ կոլորիտը` ձեռքի աշխատանքներ, ավանդական ուտեստներ, տեղական արտադրանք և հուշանվերներ։Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և այլ պաշտոնատար անձանց հետ շրջեց բոլոր տաղավարներով, զրուցեց համայնքների ներկայացուցիչների հետ, ծանոթացավ ներկայացված աշխատանքներին:Տոնական միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան «Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ»-ը, «Անի» փողային նվագախումբը և «Հրայրք» պարային խումբը։

Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ անկախությունը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն պատմությամբ փոխանցված արժեք է, այլև ամենօրյա աշխատանքի և ջանքերի արդյունք։«Գուցե 35 տարին կարճ ժամանակ է հանրապետության համար, բայց անկախությունը մեզ համար միայն պատմությամբ փոխանցված արժեք չէ, այն նաև մեր  ջանքերի արդյունքն է։ Մեր 35 տարիների գլխավոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ հենց ինքնիշխանությունը, որը մեզ համար անսակարկելի արժեք է։ Մեր կարևոր ձեռքբերումներից է նաև խաղաղությունը, որն ունի կենսական նշանակություն։

Պետության զարգացման, կայունության և ապագայի համար խաղաղությունն անհրաժեշտ պայման է»,– ասաց Դավիթ Առուշանյանը։Ավելի ուշ տոնական միջոցառումը շարունակվեց մեծ բեմահարթակում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Բեմում էր նաև Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։Ելույթներով հանդես եկան նաև սիրված երգիչներ Մաշա Մնջոյանը, Նավասարդ Հակոբյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գոռ Սուջյանը և Սրբուկը։«Այսօր մենք, առավել քան երբևէ, ավելի հստակ ենք հասկանում մի բան՝ պետությունը մեզանից յուրաքանչյուրի տունն է։

Եվ որքան ամուր է այդ տունը, որքան ամուր են նրա հիմքերը, այնքան վստահ կարող ենք նայել ապագային։ Իսկ պետության ամրությունը չափվում է ոչ միայն թվերով ու ցուցանիշներով։ Այն չափվում է նաև նրանով, թե ինչ պայմաններում է ապրում մեր երեխան, ինչ դպրոց է հաճախում, ինչ մանկապարտեզ է գնում, ինչ ճանապարհով է հասնում իր տուն, ինչ հնարավորություններ ունի իր համայնքում և որքան վստահ է իր վաղվա օրվա նկատմամբ։

Հենց այդ պատճառով այսօր ուզում եմ առանձնահատուկ խոսել Շիրակի մասին»,– ելույթի  ժամանակ նշեց Շիրակի մարզպետն՝ ընդգծելով, որ  Շիրակի մարզում այս պահին իրականացվում է շուրջ 63,5 միլիարդ դրամի շինարարություն․ մարզում ընթանում է լայնածավալ դպրոցաշինություն, կառուցվում և վերանորոգվում են դպրոցներ ու մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ, Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը։ Համայնքներում ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ և բարելավվում բնակավայրերի պայմանները։

Նրա խոսքով՝ իրականացվում է 39 սուբվենցիոն ծրագիր՝ 15,7 միլիարդ դրամ արժեքով, իրականացվում է ավելի քան 60 կմ ճանապարհների հիմնանորոգում և նորոգում՝ ընդհանուր 14,3 միլիարդ դրամի շրջանակում։

Շնորհավորելով բոլորին Անկախության օրվա առթիվ՝ Դավիթ Առուշանյանը նշեց, որ Շիրակը միշտ եղել է աշխատող, ստեղծող և դժվարությունները հաղթահարող մարդկանց մարզ։«Գյումրին ու Շիրակի մյուս համայնքները բազմիցս ապացուցել են, որ նույնիսկ ամենածանր պայմաններում կարող են վեր բարձրանալ, փյունիկի նման վեր հառնել մոխիրներից, առաջ գնալ և նոր հնարավորություններ ստեղծել։ Այսօր մեր խնդիրն է այդ ոգին վերածել զարգացման նոր հնարավորությունների։

Մեզ պետք է ուժեղ պետություն՝ ուժեղ համայնքներով, զարգացող տնտեսությամբ, որակյալ կրթությամբ, ժամանակակից ենթակառուցվածքներով և խաղաղ միջավայրով։ Պետք է կարողանանք մեր երեխաներին փոխանցել ոչ միայն մեր պատմությունը, այլև ավելի լավ երկիր, ավելի լավ Շիրակ, ավելի լավ Գյումրի»։Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Գյումրիում ավարտվեցին տոնական հրավառությամբ։

 

 

Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 70 անգամ