1in.am Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն՝ 20-րդ դարի ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկը, փոքր պետության համար կարևոր բանաձև էր առաջարկում՝ ունենալ հնարավորինս լայն բարեկամական կապեր և միաժամանակ պահպանել սեփական ինքնությունը։ Նրա պատկերացմամբ՝ փոքր պետության անվտանգությունը հենվում է մրցունակ տնտեսության, վստահելի պետական կառավարման և միջազգային համակարգում իր օգտակարությունն ու նշանակությունը պահպանելու կարողության վրա։ Այս գաղափարը փոքր պետությունների անկախության մասին կարևոր մի բան է հուշում․ մեծ երկրների ազդեցության հիմքում հաճախ նրանց չափն ու ռեսուրսներն են, իսկ փոքր պետությունների ուժը կառուցվում է իրենց արժեքի, արդյունավետության և անհրաժեշտության վրա։
Փոքր պետության արժեքը կարող է ձևավորվել նրա աշխարհագրությունից, տեխնոլոգիական կարողությունից, ֆինանսական համակարգից, հաղորդակցային դիրքից, պաշտպանունակությունից կամ միջազգային հեղինակությունից։ Երբ նրա կայունությունն ու հաջողությունը կարևոր են դառնում նաև ուրիշների համար, աճում է նաև նրա քաղաքական կշիռը։
Եվրոպական ինտեգրման հիմնադիր գաղափարախոսներից Ժան Մոնեն այս խնդրի համար առաջարկեց ինստիտուցիոնալ լուծում։ Նրա համոզմամբ՝ պետությունների համագործակցությունը պետք է ամրապնդվի ընդհանուր կառույցներով և կանոններով։ Այդ մոտեցումից ձևավորված եվրոպական համակարգը նախկին մրցակիցներին կապեց տնտեսական ու քաղաքական փոխադարձ շահերով։Փոքր պետության անկախությունը մեկուսացման մեջ հազվադեպ է ուժեղանում։ Կապերի բազմազանությունը մեծացնում է դիմադրունակությունը։
Հայաստանի աշխարհագրությունը երկար ժամանակ ընկալվել է որպես սահմանափակում։ Նույն աշխարհագրությունը կարող է դառնալ առավելություն, երբ երկիրը կապում է տարբեր տնտեսական և քաղաքական տարածքներ։ Սև ծով, Պարսից ծոց, Կասպից տարածաշրջան, Եվրոպա, Մերձավոր Արևելք՝ յուրաքանչյուր նոր ուղղություն մեծացնում է Հայաստանի արժեքը ուրիշների հաշվարկներում։
Փոքր պետության ուժը նաև ուրիշների համար անհրաժեշտ լինելու արվեստն է։
Անկախության ամենակայուն երաշխիքներից մեկը հենց դա է՝ ունենալ շատ կապեր և պահպանել որոշումների սեփական կենտրոնը։