Հայաստանը հայտնվում է Պարսից ծոցի տնտեսական քարտեզին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հայաստանը հայտնվում է Պարսից ծոցի տնտեսական քարտեզին

21-09-2026 15:43 Քաղաքականություն
Հայաստանը հայտնվում է Պարսից ծոցի տնտեսական քարտեզին
1in.am  Հայաստանի Անկախության օրվա առիթով Օմանի Oman Observer-ը ծավալուն հրապարակում է նվիրել Հայաստան-Օման հարաբերություններին։ Օմանի տեղեկատվության նախարարության համակարգում գործող թերթն այս անգամ Հայաստանը ներկայացնում է արդեն ավելի լայն տնտեսական դիտանկյունից՝ առանձնացնելով առևտուրը, զբոսաշրջությունը, լոգիստիկան և տարածաշրջանային հաղորդակցությունների մեջ Հայաստանի հնարավոր դերը։
 
Օմանը 1992 թվականին առաջին արաբական պետությունն էր, որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ։ 2026 թվականի մարտին Մասկատում արդեն պաշտոնապես բացվեց Հայաստանի մշտական դեսպանությունը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Երևանը դեսպանության բացումը կապեց նաև տնտեսական համագործակցության ընդլայնման, առևտրային կապերի աշխուժացման և գործնական հարաբերությունների նոր հնարավորությունների հետ։
 
Այժմ հարաբերությունների տնտեսական ուղղություններն ավելի հստակ են երևում։ Oman Observer-ը առանձնացնում է առևտրի աճը, հայկական գյուղմթերքի մուտքը օմանական շուկա, փոխադարձ վիզային դյուրացումները և Երևան–Մասկատ ուղիղ ավիահաղորդակցության ստեղծման հեռանկարը։ Հրապարակման մեջ նշվում են նաև վերականգնվող էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու լոգիստիկան՝ որպես համագործակցության հաջորդ ուղղություններ։
 
րապարակման ամենակարևոր շեշտը, սակայն, տրանսպորտային կապակցվածությունն է։Oman Observer-ը օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գործընթացն ու TRIPP-ը դիտարկում է տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում՝ ընդգծելով Պարսից ծոցի հետաքրքրությունը ձևավորվող նոր ենթակառուցվածքային ուղիների նկատմամբ։ Օմանը նաև առաջին երկրներից էր, որ ողջունեց Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։
 
Սա Հայաստանի շուրջ ձևավորվող նոր աշխարհատնտեսական միջավայրի կարևոր դրվագներից է։ Տասնամյակներ շարունակ փակ սահմանները, ընդհատված երկաթուղային կապերն ու ռուսական շուկայի գերակշիռ դերը կանխորոշել են Հայաստանի տնտեսական հնարավորությունների շրջանակը։ Այժմ հաղորդակցությունների նոր ծրագրերը աստիճանաբար ընդլայնում են այդ շրջանակը։
 
Հայաստանը կարող է հայտնվել մի համակարգի կենտրոնում, որը միավորում է Պարսից ծոցը, Սև ծովը և Կասպից տարածաշրջանը։ Այդպիսի կապակցվածությունը երկրին տալիս է արդեն ոչ միայն տարանցիկ, այլև ավելի լայն տնտեսական ու ռազմավարական դեր։
 
Պարսից ծոց-Սև ծով երթուղու գաղափարը տարիների պատմություն ունի։ Հայաստանն ու Իրանը երկար ժամանակ քննարկում են Իրանի հարավային նավահանգիստներից բեռները Հայաստանի և Վրաստանի տարածքով Սև ծով հասցնելու հնարավորությունը։ Այդ շղթայում Չաբահարն ու Բանդար Աբասը կարող են Հայաստանի միջոցով կապվել վրացական նավահանգիստներին, իսկ այնտեղից՝ եվրոպական շուկաներին։
 
Օմանը այս կառուցվող համակարգում առանձնահատուկ տեղ ունի։ Հորմուզի նեղուցի հարևանությամբ գտնվող Սալալայի, Սոհարի և Դուկմի նավահանգիստները երկիրը դարձրել են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը կապող խոշոր լոգիստիկ հանգույցներից մեկը։ Այդ պատճառով Հայաստան–Օման տրանսպորտային համագործակցությունը երկկողմ հարաբերությունների սահմաններից շատ ավելի լայն աշխարհատնտեսական նշանակություն կարող է ստանալ։
 
Օմանական նավահանգիստներից բեռները կարող են Իրանի միջոցով հասնել Հայաստան, ապա Վրաստան և Սև ծով։ TRIPP-ի գործարկումը այս շղթային կարող է միացնել նաև Կասպից ծովն ու Կենտրոնական Ասիան։ Այդ դեպքում Հայաստանը կհայտնվի երկու խոշոր հաղորդակցային ուղղությունների հատման կետում՝ Պարսից ծոցից դեպի հյուսիս և Կասպից տարածաշրջանից դեպի արևմուտք։
 
Այս պահին խոսքը դեռ ձևավորվող երթուղու մասին է։ Կան ենթակառուցվածքային բացեր, սահմանային ու մաքսային ընթացակարգերի հարցեր, ճանապարհների թողունակության սահմանափակումներ, վերականգնման կարիք ունեցող երկաթուղային հատվածներ և տարածաշրջանային քաղաքական ռիսկեր։ Օմանական հրապարակումն էլ նոր տրանսպորտային համաձայնագիր չի արձանագրում․ այն ցույց է տալիս համագործակցության ուղղությունն ու դրա հնարավոր աշխարհատնտեսական արժեքը, սակայն քաղաքական աշխարհագրությունը հաճախ փոխվում է նախ լեզվի մեջ։ Պետությունները սկսում են միմյանց տեսնել այլ դերերով, որին հետևում են ներդրումը, ենթակառուցվածքը և առևտուրը։
 
Հայաստանի համար բացվող հնարավորությունը տարածաշրջանային հոսքերի միջև անհրաժեշտ օղակ դառնալն է։ Պարսից ծոցը, Սև ծովը, Կասպից տարածաշրջանը և Թուրքիայի միջոցով եվրոպական շուկաները կարող են Հայաստանի շուրջ ձևավորել փոխկապակցված հաղորդակցային միջավայր։
 
Օմանական հրապարակումն արժեքավոր է հենց այս տեսանկյունից․ այն Հայաստանը դիտարկում է արդեն ավելի լայն տարածաշրջանային շարժերի համատեքստում։
 
Եթե այդ հնարավորությունները ամրապնդվեն ճանապարհներով, երկաթուղով, ավիահաղորդակցությամբ և կայուն առևտրային հոսքերով, Հայաստանի աշխարհագրական փակվածությունը աստիճանաբար կարող է վերածվել կապակցվածության առավելության։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 76 անգամ