1in.am Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը չի կանգնեցրել հայկական պատմամշակութային ժառանգության վերագրման ադրբեջանական քաղաքականությունը։ Այդ քաղաքականությունն այժմ ավելի կազմակերպված տեսք է ստանում՝ ձեռագրերի, արձանագրությունների, խաչքարերի, եկեղեցիների և տեղանունների շուրջ։
Այսօր «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտարարել է հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իր կողմից «ալբանական քրիստոնեական ժառանգություն» համարվող հուշարձաններն ուսումնասիրելու համար։ Հայտարարության մեջ արդեն օգտագործվում է սեփական աշխարհագրական բառապաշարը․ Սյունիքը ներկայացվում է որպես «պատմական Զանգեզուր», Վայոց ձորը՝ «Դարալագյազ», իսկ Սևանի ավազանը՝ «Գյոյչա»։
Խումբը պատրաստվում է ուսումնասիրել եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր և վանքեր, հավաքել տարբեր երկրների արխիվներում պահվող փաստաթղթերը և ստեղծել միասնական գիտական շտեմարան։ Կազմակերպությունը նաև հայտարարում է արդեն հավաքված հարյուրավոր փաստաթղթերի մասին։
Այստեղ հատկապես կարևոր է հայտարարության վերջին հատվածը։ Հետազոտական ծրագիրը կապվում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձի» պատմամշակութային հիմքերի փաստագրման հետ։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» պաշտոնական «Վերադարձի հայեցակարգը» վաղուց ներառում է Հայաստանի տարածքում ադրբեջանական համարվող մշակութային ժառանգության հաշվառում, միջազգային ներգրավվածություն և վերադարձի համար իրավական ու քաղաքական մեխանիզմների ձևավորում։ Նոր աշխատանքային խումբը ժառանգության թեման ավելի սերտ է կապում արդեն գոյություն ունեցող օրակարգի հետ։
Սա արդեն նաև մեթոդի փոփոխություն է։ Քաղաքական պնդումները փորձ է արվում տեղափոխել գիտական հարթություն՝ արխիվային նյութերի, սկզբնաղբյուրների, արձանագրությունների, ճարտարապետության և տվյալների շտեմարանների միջոցով։ Կազմակերպությունն ինքն էլ փաստացի ընդունում է, որ միջազգային գիտական միջավայրում այս պնդումները պետք է հիմնավորվեն ստուգելի աղբյուրներով և մասնագիտական քննությամբ։
Այստեղ Հայաստանի արձագանքի որակն է վճռորոշ։ Բաքուն լավ հասկացել է, որ պատմական և մշակութային թեմաները հեշտությամբ հուզական արձագանք են առաջացնում հայաստանյան հասարակության մեջ։ Բայց միջազգային հարթակում որոշիչը փաստագրված ու ստուգելի ապացույցն է, ոչ թե հուզական արձագանքը։ Շատ ավելի ազդեցիկ են արխիվային նյութը, թվայնացված ձեռագիրը, արձանագրության ճշգրիտ վավերագրումը, միջազգային գիտական հրապարակումը և հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ կազմակերպված գիտաժողով։ Մատենադարանի օրինակը հենց այս իմաստով կարևոր էր։ Եվրամիության հատուկ ներկայացուցչին ներկայացվեց հայկական ձեռագրական ժառանգությունը, դրա պահպանման ու վերականգնման դպրոցը, ինչպես նաև գիտականորեն ճշգրիտ կրկնօրինակների պատրաստման աշխատանքը։ Սա քննարկումը տեղափոխում է ստուգելի աղբյուրների, նյութական վկայությունների և մասնագիտական քննության հարթություն։
Հայկական արձագանքը պետք է կառուցել այս նույն տրամաբանությամբ՝ միջազգային գիտաժողովներ, շրջիկ ցուցահանդեսներ, բազմալեզու կատալոգներ, արձանագրությունների բաց թվային շտեմարաններ, արևմտյան համալսարանների հետ համատեղ հետազոտություններ, ձեռագրերի և հուշարձանների բարձրորակ թվայնացում։ Այս աշխատանքը պետական քարոզչության լեզվի կարիք չունի։ Ավելի համոզիչ կարող են գործել Մատենադարանը, համալսարանները, գիտական կենտրոնները, Հայ առաքելական եկեղեցին, թանգարանները և Սփյուռքի ակադեմիական ու մշակութային հաստատությունները։ Այդպիսի հարթակներում հայկական ժառանգությունը ներկայանում է իր բնական ուժով՝ փաստաթղթով, սկզբնաղբյուրով, մասնագիտական հեղինակությամբ և միջազգային գիտական մասնակցությամբ։
Նոր իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունը հենց սա է։ Ռազմական սահմանագծից դուրս ձևավորվում է հիշողության, մշակութային պատկանելության և պատմական իրավունքի շուրջ երկարատև քաղաքական ու գաղափարական պայքար։ Բաքվի նոր աշխատանքային խումբը այդ գործընթացի ինստիտուցիոնալացման հերթական դրսևորումն է։
Այս դաշտում ամենաուժեղ փաստարկները պահպանվում են արխիվներում, հուշարձանների արձանագրություններում, ձեռագրերի հիշատակարաններում և միջազգային գիտական հարթակներում։ Գանձասարի վերջին դրվագը ևս մեկ անգամ ցույց տվեց Մատենադարանի նման հաստատությունների արժեքը։ Քաղաքական պատումները կարող են փոխվել, վերաձևակերպվել ու տարածվել, բայց պատմական ժառանգության մասին վստահելի պատկերն ի վերջո կառուցվում է փաստաթղթերի, սկզբնաղբյուրների և մասնագիտական գիտական աշխատանքի վրա։