Ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից․ ԵՄ-ն վերջնաժամկետ է սահմանել

06-10-2026 16:20 Քաղաքականություն
Լսել նյութը 🎙️ Անահիտ (AI) 00:00 / 01:51
Ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից․ ԵՄ-ն վերջնաժամկետ է սահմանել
auroranews.am Տարվա սկզբից Եվրամիության երկրներում գազի գները կտրուկ աճել են, իսկ էներգակիրների թանկացումը գնալով ավելի մեծ ճնշում է գործադրում թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի վրա։ Չնայած դրան՝ Եվրահանձնաժողովը չի պատրաստվում հրաժարվել ռուսական գազից ամբողջությամբ անկախանալու ծրագրից։
 
Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստի ժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ փետրվարից ի վեր ԵՄ-ում գազի գներն աճել են 140 տոկոսով։
 
Նրա խոսքով՝ 2026 թվականի սկզբից Եվրամիությունը գազի ներմուծման համար նախորդ տարվա համեմատ 100 միլիարդ եվրո ավելի է վճարել՝ փաստացի չավելացնելով ներկրվող գազի ծավալը։ Միևնույն ժամանակ, Եվրոստատի տվյալները ցույց են տալիս, որ տարվա առաջին ինն ամիսներին եվրոպական երկրների գազի ներմուծումը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 5 տոկոսով։ Ֆոն դեր Լայենը խոստովանել է, որ բարձր գների հետևանքներն արդեն զգալի են ամբողջ Եվրոպայում։
 
«Բիզնեսը ճնշման տակ է, մարդիկ հազիվ են վճարում հաշիվները, և այս իրավիճակը կարող է վատթարանալ ձմռանը մոտենալուն զուգընթաց»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել։
 
Որպես լուծման ուղղություններից մեկը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը մատնանշել է կանաչ և ատոմային էներգետիկայի ոլորտներում ներդրումների ավելացումը։ Միաժամանակ Բրյուսելը մտադիր է շարունակել ռուսական գազից աստիճանական հրաժարումը և ավելի կենտրոնացված վերահսկողություն սահմանել ԵՄ գազի ներմուծման նկատմամբ։
 
Ֆոն դեր Լայենի ներկայացրած տվյալներով՝ պատերազմի սկզբում ռուսական գազին բաժին էր ընկնում եվրոպական ամբողջ ներմուծման շուրջ 45 տոկոսը, մինչդեռ այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 12 տոկոս։
 
«ԵՄ-ն այն կհասցնի զրոյի հաջորդ տարվա վերջին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ վերահաստատելով մինչև 2027 թվականի վերջ ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու նպատակը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն
Կիսվել նյութով
Telegram Viber WhatsApp Facebook X

Կարդացել են 108 անգամ
📻 Ռադիո