ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՏ Է<br /> ՄՆՈՒՄ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵՄՊԵՐԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՏ Է
ՄՆՈՒՄ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵՄՊԵՐԻՑ

  • 01-04-2008 20:26:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2008-09թթ.-ի սոցիալ-տնտեսական քաղաքականության կարեւոր մաս է կազմելու սոցիալական բարեփոխումների իրականացումը: Առայժմ սոցիալական բարեփոխումների արագությունը ետ է մնում մակրոտնտեսական բարեփոխումների տեմպերից: Կառավարությունը բազմաթիվ միջոցառումներ է ձեռնարկել, որպեսզի երկրի տնտեսական աճն ուղղվի բնակչության կենսամակարդակը բարձրացնելուն, սակայն հասարակության մեջ անհավասարության աճի, կրթության ու առողջապահական համակարգերի վատթարացման միտումները շրջելու համար անհրաժեշտ են ռազմավարական ներդրումներ: Այս եզրակացությունները ներկայացված են ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի (ԱԽՕՏՏՍՀ) «Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հետազոտություն 2008»-ում: Հետազոտությունում հիշեցվում է, որ 2007թ.-ին ՀՀ կառավարությունն ընդունել է աղքատության նվազեցման հնգամյա քաղաքական ծրագիր, որով նախանշվում է դրա մակարդակը` այժմյան 30%-ից 2012թ.-ին հասցնել 12%-ի: Նշվել է, որ աղքատության շեմից ցածր եկամուտներ ունեցող մարդկանց թիվը 1988թ.-ի 55%-ից 2005թ.-ին նվազել է մինչեւ 34%: Եկամուտների անհավասարության չափման Ջինի գործակիցը, որտեղ բարձր արժեքները ցույց են տալիս եկամուտների առավել մեծ անհավասարություն, 1996թ.-ին Հայաստանում կազմել է 44,42, իսկ 2003թ.-ին` 33,8: Այդուհանդերձ, եկամուտների անհավասարությունը շարունակում է մեծ խնդիր լինել երկրի համար: Հետազոտության համաձայն, 2007թ.-ին Հայաստանը վեցերորդ տարին անընդմեջ գրանցել է երկնիշ տնտեսական աճ եւ մնացել աշխարհի ամենաարագ զարգացող երկրների շարքում: Երկրի ՀՆԱ-ն 2007թ.-ին աճել է 13,8%-ով: Հայաստանում ՀՆԱ-ի աճի գլխավոր գործոններն են համարվել շինարարությունը, գյուղատնտեսությունը եւ ծառայությունների ոլորտը: Շինարարության աճն արագացել է արդյունաբերական արտադրության եւ բնակելի ու գրասենյակային շենքերի կառուցման խոշոր ծավալների հաշվին: Տնտեսության զարգացումն ընդգրկել է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են առեւտուրը եւ հաղորդակցությունը: 2007թ.-ին գյուղատնտեսական արտադրանքի աճը կազմել է 9,6%, ընդ որում, ցորենի բերքը կրկնապատկվել է` հասնելով 450 հազար տոննայի: Նշվել է նաեւ, որ 2008-2009թթ.-ին Հայաստանում սահմանված գերակայություններն են կառավարման բարելավումը եւ աղքատության կրճատումը, հարկերի հավաքման ավելացումը` հարկերից ազատումը վերացնելու միջոցով, փոքր եւ միջին բիզնեսի համար միջավայրի բարելավումը: Նախատեսվում է 2008թ.-ին ապահովել ՀՆԱ-ի 10% աճ եւ առնվազն 8%` 2009թ.-ին: Ըստ հետազոտության, 2007թ.-ին Հայաստանի պետական բյուջեն հարկային գանձումների ավելացման հաշվին գրանցել է ՀՆԱ-ի 0,1%-ին համարժեք հավելուրդ: Սակայն, նկատի ունենալով սոցիալական ծրագրերի եւ ենթակառուցվածքների զարգացման ծախսերը, սպասվում է, որ մինչեւ 2009թ.-ն բյուջեն նորից պակասուրդ կունենա, որը կկազմի 2,6%: Հարկային օրենսդրության փոփոխությունների եւ հարկային ու մաքսային վարչարարության բարելավումների շնորհիվ պետեկամուտները 2008-2009թթ.-ին կարող են ավելացվել, սակայն հարկերի հավաքումը Հայաստանում դեռեւս լուրջ խնդիր է լինելու: Բացի այդ, նշվել է, որ ինչպես Հյուսիսային եւ Կենտրոնական Ասիայի երկրներում, այնպես էլ Հայաստանում, 2007թ.-ին դրամավարկային քաղաքականությունները հետապնդել են գների աճը կասեցնելու եւ իրական փոխարժեքի մեծ աճը կանխելու նպատակ: Այդ երկրների կառավարությունները խստացրել են դրամավարկային քաղաքականությունը` ավելացնելով բանկերի եւ կառավարությունների ավանդները, պարբերաբար բարձրացնելով ելակետային տոկոսադրույքներն ու վերաֆինանսավորելով կենտրոնական բանկերը: Մասնավորապես, Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորումն ավելացրել է մինչեւ 5,75% եւ մեծացրել ներքին այնպիսի միջոցների օգտագործումը, ինչպիսիք են վաճառքի եւ վերագնման (ռեպո) համաձայնագրերը: Ըստ հետազոտության, Հայաստանում սննդամթերքի աճող գների, աշխատավարձերի հետագա բարձրացման եւ տնային տնտեսությունների եկամուտների ավելացման արդյունքում սպառողական գների աճը 2006թ.-ի 2,9%-ից 2007թ.-ին հասավ շուրջ 4,4%-ի: Արագ ընթացող այս դրամական էքսպանսիան եւ ներկրման բարձր գները Հայաստանում առաջացրին գների զգալի աճ: 2007թ.-ի վերջին եռամսյակում հայկական դրամի արժեքը ԱՄՆ դոլարի համեմատ ավելացավ մոտավորապես 10%-ով: Դրամի արժեվորումը մտահոգություն է առաջացրել այն տնային տնտեսություններում, որոնց ապրուստը կախված է արտերկրից դրամական փոխանցումներից: Նաեւ նշվել է, որ թեեւ Հայաստանից ապրանքների արտահանման ծավալն աճել է 9,1%-ով, առեւտրի պակասուրդը 2007թ.-ի առաջին ինը ամիսների ընթացքում զգալիորեն աճել է` 2006թ.-ի 826 մլն ԱՄՆ դոլարից հասնելով գրեթե 1,4 մլրդ դոլարի: Հանքանյութերի, մեքենաների եւ շինարարական ծրագրերի համար սարքավորումների ներկրման հաշվին 2007թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում ապրանքների ներկրման ծավալն աճել է 1,9%-ով` հասնելով 2,2 մլրդ դոլարի: Առեւտրի ավելացող պակասորդի հաշվին ընթացիկ հաշիվների պակասուրդը 2006թ.-ի առաջին ինն ամիսների 78 մլն դոլարից (ՀՆԱ-ի 1,9%-ին համարժեք) 2007թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում դարձել է 327 մլն դոլար (ՀՆԱ-ի 5,7%-ին համարժեք): ՄԱԿ-ի ԱԽՕՏՏՍ հանձնաժողովի փորձագետները նաեւ նշել են, որ արտերկրից մասնավոր դրամական փոխանցումները Հայաստանի տնտեսական զարգացման համար դարձել են արտաքին ֆինանսավորման կարեւոր աղբյուր: 2007թ.-ին դրանք զգալի ներդրում են եղել սոցիալ-տնտեսական ոլորտում: Արտագնա ժամանակավոր եւ մշտական աշխատանքի համար արտասահման մեկնածներից ստացված փոխանցումները 2007թ.-ին հասել են 1,32 մլրդ դոլարի (երկրի ՀՆԱ-ի 14%-ին համարժեք): 2007թ.-ին օտարերկրյա ներդրումների հոսքերը շարունակել են հիմնական դեր կատարել երկրի տնտեսության զարգացման եւ արդիականացման համար: Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքերը 2007թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում հասել են 351 մլն դոլարի, այնինչ 2006թ.-ի նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 202 մլն դոլար: Աճող օտարերկրյա ներդրումների մի զգալի մասն ուղղվել է հեռահաղորդակցության եւ կոմունալ հատվածների, ինչպես նաեւ երկրի ընթացիկ հաշվի պակասորդի ֆինանսավորմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play