ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 21-ին ՀՀ արտաքին
գործերի նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակն
է հանձնել Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլը (Ehud Gol,
նստավայրը` Երուսաղեմ): Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության
վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության,
Վ.Օսկանյանը եւ Է.Գոլը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ,
իսրայելա-պաղեստինյան եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների
կարգավորման հեռանկարները:
Է.Գոլը ծնվել է 1946թ. Երուսաղեմում: Աշխատանքային
գործունեության ընթացքում վարել է հետեւյալ պաշտոնները` հյուպատոս
(մամուլի եւ տեղեկատվության հարցերով) Չիկագոյում Իսրայելի Գլխավոր
հյուպատոսությունում, հյուպատոս` Նյու-Յորքում Գլխավոր
հյուպատոսությունում, 1986-88թթ.` ԱԳՆ խոսնակ, մամուլի վարչության
տնօրեն, 1986-88թթ.` նախագահի հատուկ խորհրդական, 1988-91թթ.` Ռիո
Դե Ժանեյրոյում Գլխավոր հյուպատոս, 1991-92թթ.` վարչապետի
խորհրդական մամուլի հարցերով, 1995-99թթ.` Իսրայելի դեսպան
Իսպանիայում, համատեղության կարգով նաեւ` Անդորրայում,
1999-2001թթ.` ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Արեւմտյան Եվրոպայի
հարցերով, 2001-06թթ.` Իսրայելի դեսպան Իտալիայում,
2007թ. համատեղության կարգով նշանակվել է Իսրայելի դեսպան
Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում եւ Թուրքմենստանում: