ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԲՊՄ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԲՊՄ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 06-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը եւ Գերմանիայի բնության պահպանության միության (ԳԲՊՄ) ղեկավար Լեյֆ Միլլերը մարտի 6-ին ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Ինչպես նշեց Վ.Այվազյանը, ԳԲՊՄ-ի կողմից համագործակցության զարգացման հանդեպ պատասխանատվությունը կխթանի Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության նոր փուլը: Ըստ նրա, այսօր օրակարգում են հայկական մուֆլոնի պահպանության, որսագողության դեմ պայքարի կազմակերպման, էկոտուրիզմի զարգացման, Արարատյան դաշտավայրի ջրա-ճահճային տարածքների պահպանության բնապահպանական խնդիրները: ԳԲՊՄ-ի ղեկավար Լեյֆ Միլլերը նշեց, որ 26 հազար եվրո կհատկացվի հայկական մուֆլոնի պահպանության ծրագրի իրականացման, իսկ 15 հազար եվրո` Արարատյան դաշտավայրի ջրա-ճահճային տարածքների պահպանության համար: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Հայկե Ռենատե Փայչի խոսքերով, բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում, եւ դրանք հնարավոր է արդյունավետ լուծել միայն հարեւան երկների հետ համատեղ: «Սա այն ոլորտն է, որտեղ կարող է լինել արդյունավետ համագործակցություն Հայաստանի եւ հարեւան երկրների` Վրաստանի եւ Ադրբեջանի, միջեւ»,- ասաց դեսպանը: Նշվեց նաեւ, որ 2008թ.-ին Գերմանիայում անցկացվելու է ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիային նվիրված գագաթաժողով, որին մասնակցելուն պատրաստվելու հարցում նախարարության աշխատակիցներին կաջակցի ԳԲՊՄ-ն:
Նոյյան տապան  -   Հասարակություն