ԶԱՀՐԱՏԸ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԽՈՇՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ ԷՐ,- ԱՍՈՒՄ Է
ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
21-02-2007 19:55:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 20-ի կեսգիշերին
83 տարեկան հասակում Թուրքիայում մահացել է պոլսահայ մեծ բանաստեղծ
Զահրատը:
Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի
բնորոշմամբ, Զահրատը Սփյուռքի պոեզիայի վիթխարի կաղնին է, որի
գրական ժառանգությունը խորը եւ կայուն ազդեցություն է թողել ոչ
միայն Սփյուռքի, այլեւ Հայաստանի արդի պոեզիայի վրա:
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում Սփյուռք
գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, գրականագետ Սուրեն Դանիելյանը
նույնպես նշեց, որ Զահրատի գրական ժառանգությունը խորը եւ կայուն
ազդեցություն է թողել եւ Սփյուռքի, եւ Հայաստանի ժամանակակից
պոեզիայի վրա: Զահրատի հետեւորդներն էին այնպիսի գրողներ, ինչպիսիք
են Հովհաննես Գրիգորյանը, Հենրիկ Էդոյանը, Արմեն Մաարտիրոսյանը,
Արտեմ Հարությունյանը: «Պոլսահայ գրականությունն այսօր ամենից
մարտունակն է ողջ Սփյուռքի տարածքում` ի դեմս Զահրատի, Զարեհ
Խրախունու եւ Ռոպեր Հատտեճյանի: Գրական հսկայական ներուժ կա այդ
երեք գրողների մեջ: Եվ այսօր Զահրատի կորուստն ամենից առաջ կզգան
նրա գրչակից ընկերները»,- ընդգծեց Ս.Դանիելյանը:
Զահրատը (Զարեհ Յալտըճյան) ծնվել է Կ.Պոլսում: 1942թ.-ին
ավարտել է Կ.Պոլսի Մխիթարյան լիցեյը: Զահրատը գրական ասպարեզ է
իջել 1940-ականներից: Բանաստեղծի ստեղծագործությունները եւ
հոդվածները տպագրվել են Թուրքիայում եւ Հայաստանում լույս տեսնող
թերթերում եւ ամսագրերում: Նա խմբագրել է Մխիթարյան Սանուց
միության «Սան» պարբերականը: Գրականագետների գնահատմամբ, 1960 թ.
լույս տեսած նրա «Մեծ քաղաքը» ժողովածուում պարզորոշ երեւաց նոր
ձեռագրով բանաստեղծը, որը, մի կողմից, զարգացրեց պոլսահայ
գրականության նորագույն շրջանում սոցիալական թեմատիկան, մյուս
կողմից` երգեց մարդու տառապանքը: 1971-ին հրատարակվել է բանաստեղծի
«Բարի երկինք» ժողովածուն, 1976-ին` «Կանաչ հողը», իսկ 1989-ին`
«Մեկ քարով երկու գարուն» ժողովածուն: