Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը Եվրոպայի
երիտասարդական առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար
02-07-2009 18:44:00 | Վրաստան | Սպորտ
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 2-ին Թբիլիսիում
մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական
առաջնությունը: Մրցումներին մասնակցող հայաստանցի 8 մարզիկներից
առաջին օրը մրցագորգ ելան Ալեքսան Միքայելյանը (55 կգ, Գյումրի),
Արամ Ջուլֆալակյանը (66 կգ, Երեւան), Վաչիկ Եղիազարյանը (ծանր
քաշային, Երեւան) եւ Ռաֆայել Ալեքսանյանը (74 կգ, Երեւան):
Ռ.Ալեքսանյանը իր հաշվին գրանցեց 3 հաղթանակ, 1 պարտություն
եւ իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին:
Գոտեմարտը տեղի կունենա երեկոյան մրցահերթում:
Ռ.Ալեքսանյանի մյուս 3 թիմակիցները մեկնարկային
հանդիպումներում ձախողվեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից:
Հայաստանի մյուս 4 ըմբիշները մրցագորգ կելնեն հուլիսի 3-ին: