Հայաստանի շուրջ 600 խոշոր ձեռնարկություններ պարտադիր աուդիտ<br /> կանցնեն<br />


Հայաստանի շուրջ 600 խոշոր ձեռնարկություններ պարտադիր աուդիտ
կանցնեն

  • 29-05-2009 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության մայիսի 29-ի նիստում հաստատվեց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, որոշման համաձայն 500 մլն դրամ շրջանառություն եւ նույնքան էլ կապիտալ ունեցող խոշոր ընկերությունները պետք է պարտադիր աուդիտ անցնեն: Ըստ նախարարի, նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ առաջարկել են պարտադիր աուդիտ անցնողների ցանկից հանել այն ձեռնարկություններին, որոնք ունեն նշված չափով կապիտալ, բայց ներկայումս չեն աշխատում: Սակայն, Տ.Դավթյանի խոսքերով, կառավարությունը նպատակահարմար չի գտնում հավանության արժանացնել այս առաջարկը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սա բանավեճի թեմա է: Ըստ վարչապետի, աուդիտի չիրականացումը նշանակում է, որ չեն իրականացվում նախատեսված լուրջ փոփոխությունները: Եթե տվյալ ձեռնարկություններն ունեն այդքան կապիտալ միջոցներ եւ չեն աշխատում, ապա, ըստ Տ.Սարգսյանի, պետք է ջանքեր գործադրվեն եւ գումարներ ներդրվեն, որպեսզի դրանք աշխատեցվեն: «500 մլն եւ ավելի դրամի ակտիվներ ունեցողները պետք է գործունեություն ծավալեն: Նրանք պարտավոր են դա անել»,- նշեց Տ.Սարգսյանը` հավելելով, որ պետությունը պետք է խստապահանջ լինի այս հարցի նկատմամբ, քանի որ որոշ երկրներում այդպիսի ձեռնարկությունները նույնիսկ տուգանքներ են վճարում: Վարչապետը նշեց նաեւ, ընդհանուր առմամբ, 600 խոշոր ձեռնարկություններ կանցնեն պարտադիր աուդիտ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն