ԱՅՍՕՐ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԸՆԿԱԼԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ ՈՒ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,- ԱՍՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ
27-06-2006 16:32:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր հայ հասարակությունը
պատրաստ չէ ընկալելու արվեստ ու գրականություն: Այսպիսի
հայտարարություն արեց հունիսի 27-ի ասուլիսում բանաստեղծ Դավիթ
Հովհաննեսը: «Քանի դեռ նկարչի կտավները չեն դիտվում, գրողի գրքերը
չեն կարդացվում, հասարակությունը դրանցից ազդեցություն կրել,
դաստիարակվել կամ արվեստասեր դառնալ չի կարող»,- նշեց բանաստեղծը:
Դ.Հովհաննեսի համոզմամբ, այս խնդիրը կլուծվի միայն այն դեպքում,
երբ առաջնահերթ դառնան ոչ թե նյութական, այլ հոգեւոր արժեքները:
Ըստ գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի, այսօր
մտավորականներին եւ արվեստագետներին հայ հասարակությունը գրեթե չի
ճանաչում, նրանք հայտնի են միայն նեղ շրջանակների: Նրա խոսքերով,
ցավալի է նաեւ այն, որ ժամանակակից գրողների ստեղծագործություններն
այսօր հրատարակվում են փոքր տպաքանակներով, որոնց մեծ մասը չի էլ
վաճառվում: «Արվեստագետը կամ գրողը պետք է սպասված լինի
հասարակության կողմից, մինչդեռ այսօր նման վերաբերմունք չի
դրսեւորվում նրանցից ոչ մեկի նկատմամբ»,- ասաց Պ.Զեյթունցյանը: