ՀՐԱԶԴԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գալիք տարի կավարտվեն
Կոտայքի մարզկենտրոնի Ջրառատ թաղամասի Սբ. Կարապետ եկեղեցու
վերականգնման աշխատանքները: Արդեն մեկ տարուց ավելի շարունակվող
աշխատանքները իրականացվում են Հրազդան քաղաքի նախկին բնակիչ,
ներկայումս մոսկվաբնակ Աշոտ Գեւորյանի նախաձեռնությամբ եւ
հովանավորությամբ:
Եկեղեցու վերաբացումը նախատեսվում է կատարել Ջրառատի
հիմնադրման 180-ամյակին նվիրված հանդիսությունների օրերին: Ջրառատը
(նախկինում Մելիքի գյուղ կամ Ռնդամալ) հիմնադրել են 1827թ.-ին
այստեղ գաղթած խոյեցի Մելիք Շեկոյի որդիները` Ստեփանը եւ Գրիգորը:
Սբ. Կարապետ եկեղեցին, որը կառուցվել էր դեռեւս 16-րդ դարում,
նորաբնակների կողմից վերակառուցվել է: Սակայն խորհրդային տարիներին
եկեղեցին վերածվել էր մթերային պահեստի, այնուհետեւ աստիճանաբար
քանդվել: Բարեբախտաբար պահպանվել է եկեղեցու պատերի քարերի զգալի
մասը, որը եւ օգտագործվում է վերականգնողական աշխատանքներում: